Տնտեսություն 

ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ Տիմուր Ժակսիլիկովին

analitik.am

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի և այլ ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման» նախագիծն է։

ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակը հաջողությամբ գործարկելու դեպքում բիզնես գործընթացների փաստաթղթավորումը կտեղափոխվի էլեկտրոնային միասնական հարթակ, և կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու գործընթացը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում անուղղակի հարկերի  հաշվարկման մեխանիզմները։

Այդ նպատակով նախատեսվում է ներդնել հարթակ, որի միջոցով էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտները կստանան Հայաստանի Հանրապետությունում  հաշվառվելու և հաշվարկներ ներկայացնելու հնարավորություն։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ ՊԵԿ-ի և ԵՏՀ-ի համատեղ աշխատանքները:

Կոմիտեի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ակտիվ ներգրավել ՊԵԿ փորձագետներին ստեղծվող էլեկտրոնային համակարգերի՝ ԵԱՏՄ-ում ապրանքների հետագծելիության, ինչպես նաև ֆիսկալ մոնիթորինգի նախագծերի աշխատանքային խմբերում։

Հանդիպման արդյունքում, բարձր գնահատելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կիրառվող էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, Տ. Ժակսիլիկովն առաջարկել է քննարկել էլեկտրոնային այդ հարթակում ԵԱՏՄ շրջանակում նոր համակարգերի ստեղծման և փորձարկման հնարավորությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ՀՀ ՊԵԿ և ԵՏՀ միջև համագործակցությունը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման համար:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Նույն շարքից