Իրավական 

Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից։

«Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ակնհայտ ազգային ատելության շարժառիթներից ելնելով, կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան մեկ տարեց և մեկ երիտասարդ անձանց ուղղությամբ՝ առանձնակի դաժանության ցուցաբերմամբ շարունակելով կրակել նաև նրանց վայր ընկած մարմինների վրա: Սպանություն կատարելու նշված՝ դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում»,- հայտնում են ԱՀ գլխավոր դատախազությունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից