Տեսանյութեր Քաղաքականություն 

Թուրքիան շահագրգռված է մոսկովյան հայտարարության տապալմամբ 2 պատճառով. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

ТАСС - Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել:

Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա չեն և կարող են օգնել մեր ընթերցողներին՝ ավելի լավ հասկանալ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում:

Դուք արդյոք տեսնո՞ւմ եք Մոսկվայում համաձայնեցված հրադադարին վերադառնալու հնարավորություն, թե՞ այն արդեն վերջնականապես տապալվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դուք հիշատակեցիք միջազգային զանգվածային լրատվամիջոցների մասին: Ես կցանկանայի ընդգծել, որ, կարծում եմ, այս պահին միջազգային հանրության կարծիքը փոխվում է: Այն փոխվում է, և մարդիկ ավելի շատ են տեղեկանում այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Եվ, իհարկե, սա կապված է ոչ միայն մեր կառավարության ակտիվ տեղեկատվական քաղաքականության հետ, այլև ակտիվ գործողություններով, որոնք ձեռնարկում է հայկական սփյուռքը:

Եվ ես ուզում եմ ընդգծել, որ, ճիշտ է, ոչ բարձր կամ բարձրագույն քաղաքական մակարդակով, բայց այժմ արդեն նկատվում են որոշակի տեղաշարժեր Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացում:

ԱՄՆ բավական շատ նահանգներ, եվրոպական մի շարք քաղաքներ արդեն ընդունել են համապատասխան փաստաթղթեր, բանաձևեր, որոշումներ: Արդեն մի քանի եվրոպական խորհրդարաններում ընդունվել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր:

Գործնականում այսօր միջազգային հանրությունը կասկած չունի, որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է ռազմական գործողություններում, և որ Թուրքիան է եղել այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը: Որ Թուրքիան է վարձել և Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխել ահաբեկիչներին և վարձկաններին:

Ցավոք, մենք արդեն տեսնում ենք, որ այդ վարձկանների մի մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս՝ արդեն ուղղակիորեն Ռուսաստանի տարածք:

Մենք արդեն տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը: Եվ ես վստահ եմ, որ սա պատահականություն չէ, քանի որ այն գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, արդեն դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից:

Սա արդեն մի իրավիճակ է, որը շոշափում է մեր տարածաշրջանի և նույնիսկ տարածաշրջանից դուրս շատ այլ երկրների ազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Եվ ես վստահ եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, որովհետև կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ խոչընդոտում են: Եվ առաջին հերթին դա Թուրքիան է:

Թուրքիան շահագրգռված է մոսկովյան հայտարարության տապալմամբ 2 պատճառով՝ Թուրքիայի գործողություններն ուղղված են Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը:

Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ: Որոշ ուժեր և կոնկրետ Թուրքիան շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա:

Եվ դրանով նրանք հույս ունեն նաև դրանով խաթարել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում:

Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, թե ինչ է կատարվում, և անհրաժեշտ է համառորեն աշխատել՝ մեր տարածաշրջան կայունությունը վերադարձնելու համար:

Իհարկե, մենք շատ սերտորեն կհամագործակցենք Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ և հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես կաջակցեն այդ ջանքերին:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից