«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իրենց հայրենի Ջանֆիդա գյուղում հողին հանձնեցին երկու «սև հովազներին»՝ Ռուստամ Գասպարյանին և նրա որդուն։ Նրանք զոհվեցին հանուն հայրենիքի՝ ռազմաճակատում. թշնամու ուղարկած ԱԹՍ-ն էր խոցել այն մեքենան, որի մեջ գտնվել էին Ռուստամ Գասպարյանը, որդին ու ընկերը։ Երեքն էլ նահատակվեցին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով, հարգանքի տուրք մատուցողներն այնքան շատ են եղել, որ ասեղ գցելու տեղ չի եղել։ Մեքենաները 3-4 շարքով են գնացել, գյուղում հսկայական խցանում է առաջացել։ Ջանֆիդացի հերոսներին բոլորն էին հարգում, Ռուստամ Գասպարյանի համար սա երրորդ պատերազմն էր, որին նա մասնակցեց և, ցավոք՝ վերջին անգամ, զոհելով իր և որդու կյանքը։
Թվում էր՝ Ռուստամ Գասպարյանին, ով նաև ԲՀԿ-ական պատգամավոր է եղել, ու նրա որդուն հրաժեշտ տալու պետք է գնային նաև երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, բայց մեզ ասացին՝ թաղման թափորում միայն Արմավիրի մարզպետին են նկատել»։