Հասարակություն 

Տենորին չխնայեցին, չխաբեցին, կրակից հեռու չպահեցին. Գիտեմ՝ չէին էլ կարող․..

Մի բան կա այս պատերազմից, որ կոկորդումս կանգնել է ու չգիտեմ, թե ինչպես արտահայտեմ։ Ու հիմա էլ չգիտեմ՝ կստացվի, թե չէ։

Լուսանկարում իմ կուրսեցի Թաթուլի հայրիկն է՝ արմատներով մուսալեռցի, Լիբանանից հայրենադարձված օպերային երգիչ, տենոր Գևորգ Հաջյանը՝ աշխարհասփյուռ հայության հպարտությունը։

Առաջին անգամ Գևորգ Հաջյանի կատարումը լսել եմ Կոնսերվատորիայի առաջին կուրսում, ֆոլկլորի դասաժամին։ Այդ օրվանից Կոմիտասի մշակումներն ինձ համար միայն մեկ ձայնով են հնչում, և դա Գևորգ Հաջյանի ձայնն է։

Պարոն Հաջյանին ընդամենը երկու անգամ եմ տեսել ուսանողական տարիներին, որովհետև հաճախ շրջագայում էր։ Բայց տեսնելու փոխարեն միշտ պատմություններ էի լսում, թե որտեղ է, ինչ նվերներ է բերելու, ինչ խրատներ է տալիս ու ինչ է սովորեցնում Թաթուլին։ Այնքան եմ լսել, որ տպավորություն է, թե ամբողջ կյանքս ճանաչել եմ։

Այնքան կիրթ ու պատկառելի մարդ է, այնքան ճիշտ, օրինակելի հայր ու ամուսին, որ երբ դեկտեմբերին՝ ԿԳՄՍՆ դիմաց ցույցի ժամանակ ոստիկանների հետ բախումների կադրերում նրան տեսա, ուղղակի շոկ ապրեցի։ Կյանքում չէի պատկերացնի, որ ազգային արժեքներն ամբողջ կյանքում իր ձայնով գովերգած ու դրանց պաշտպանության համար փողոց դուրս եկած, ինձ համար՝ Կոմիտասի ձայնի սիմվոլին կարող են քաշքշել։ Անտանելի գռեհկություն կար այդ երևույթի մեջ…

Պատերազմը սկսվելուն պես՝ ՀՅԴ կամավորների մեջ պարոն Հաջյանին տեսնելուց արդեն չզարմացա, բայց մի տեսակ վստահ էի, որ մեր տենորին կխնայեն, կխաբեն ու կրակից հեռու կպահեն։ Այնքան վստահ էի, որ երբ Թաթուլը ժամը մեկ ինձ գրում, հարցնում էր, թե եղբորիցս՝ Գևից ինչ տեղեկություն կա, մի անգամ չֆայմեցի հարցնել, թե բա իր հայրիկից ինչ տեղեկություն կա…

Ես չֆայմեցի։ Իսկ տենորին չխնայեցին, չխաբեցին, կրակից հեռու չպահեցին։ Գիտեմ՝ չէին էլ կարող։

Վարանգաթաղի օպերացիայի ժամանակ պարոն Հաջյանն անմահացավ իր ՀՅԴ եղբայրների հետ։

Երկրորդ շոկն ապրեցի։

Թող ներեն ինձ որդեկորույս մայրերը, բայց մեր մատղաշ տղաներից ոչ մեկի մահն ինձ վրա այնպես չազդեց, որքան մեր Թաթուլի հայրիկինը։ Այդ օրը պատերազմն ինձ համար միս ու արյուն առավ, մարմնացավ ու վերջնական իրականություն դարձավ։

Գևորգ Հաջյանն իմ հիշողությունում առանձնահատուկ մնաց, կենդանի մնաց։ Այնքան կենդանի, որ նույնիսկ լեզուս չպտտվեց ցավակցել Թաթուլին։ Միայն գրեցի՝ «Թաթուլ, մեռնեմ քեզ» ու ստացա պատասխան՝ «Ցավդ տանեմ, չէ, մի մեռի, չեմ ուզում ուրիշ հարազատ ու սիրելիներ կորցնել։ Ոնց ես, ոնց ա Գևորգը»…

Թաթուլ, հոգուդ մատաղ, պարտք եմ քեզ։ Կողքդ չեղա սգալուց, կներես, բայց մի բան կասեմ. քո նման երեխա դաստիարակող տղամարդու մահը չեն սգում՝ կյանքն ու անմահությունն են տոնում։ Կարանտինից դուրս գամ՝ միասին կտոնենք

Հերմինե Գրիգորյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից