Հասարակություն 

Շատ երեխաներ այստեղ երբեք այլևս չեն տեսնի իրենց հայրերին, բայց ես հույս ունեմ, որ գոնե դուք կսկսեք տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ․ Արտակ Բեգլարյան

analitik.am

 

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Արտակ Բեգլարյանի հոդվածը «American Conservative»-ի համար։

Ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև՝

Երբ ես վեց տարեկան էի, մեր բակում խաղում էի վերգետնյա ականի հետ և արդյունքում կորցրեցի տեսողությունս։ Բայց նույնիսկ այդ ժամանակ զավեշտն ինձանից չվրիպեց։ Հանրապետությունը, որտեղ ես ապրում էի, միևնույն է անտեսանելի էր։ Այն չէր կարելի գտնել քարտեզի վրա։ Այն չէր ճանաչել աշխարհի ոչ մի ազգ։

Այսօր ես այդ անտեսանելի Հանրապետությունում ՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ , մարդու իրավունքների հանձնակատարն եմ։ Այն պահից ի վեր, երբ ես ստանձնեցի պաշտոնը երկու տարի առաջ, իմ խնդիրն էր պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունքներն այս հողի վրա ցանկացած ոտնձգությունից՝ հենց Արցախի կառավարության կամ ցանկացած օտարերկրյա հակառակորդի կողմից։

Դա աբսուրդ, գրեթե անիրագործելի առաքելություն էր՝ պաշտպանել այն մարդկանց իրավունքները, որոնք գոյություն չունեն միջազգային հանրության համար։ Չնայած իմ հրավերներին, միջազգային ոչ մի խոշոր իրավապաշտպան կազմակերպություն երբեք չի այցելել մեր հանրապետություն, որպեսզի ստուգի, թե ինչպես են Արցախում պաշտպանվում երեխաների, կանանց, հաշմանդամների և բնակչության այլ խոցելի խմբերի իրավունքները, կամ իր ներդրումն ունենա մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործման մեր ջանքերում:

Իմ այս միայնակ տարիների ընթացքում ես սկսեցի կասկածել, թե արդյո՞ք այս կույր աշխարհում առհասարակ գոյություն ունեն մարդու իրավունքներ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից այդ հարցն այլևս չի կարելի անտեսել։ Այդ օրը Ադրբեջանը Թուրքիայում Էրդողանի ռեժիմի բացահայտ աջակցությամբ, սիրիացի և լիբիացի վարձկանների հավաքագրմամբ սկսեց համակարգված լայնամասշտաբ ներխուժում Լեռնային Ղարաբաղ՝ խախտելով 1994 թվականին հակամարտության տարածաշրջանում հաստատված հրադադարի ռեժիմը:

Նույնիսկ երբ հայտարարվեց հրադադարի մասին, քաղաքացիական բնակչության վրա անխնա հարձակումները ստեղծեցին մարդու իրավունքների ոլորտում կենդանի ճգնաժամ, որը դուրս է գալիս վերահսկողությունից։

Թեև դիվանագիտական աշխարհը դեռ չի ճանաչում այս տարածաշրջանը, միևնույն է ես միշտ համարել եմ, որ Մարդու իրավունքները որևէ կառավարության կամ աշխարհաքաղաքական ձեռքսեղման աղբյուր չեն։

Մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող ցանկացած անձ կամ կազմակերպություն պետք է դրանք պաշտպանի առանց որևէ սահմանափակման, հատկապես, երբ խոսքը վերաբերում է խոցելի և անապահով բնակչության կյանքին։

Ես այլևս երբեք ոչինչ չեմ տեսնի։ Շատ երեխաներ այստեղ երբեք չեն տեսնի իրենց հայրերին, բայց ես հույս ունեմ, որ գոնե դուք կսկսեք տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ։ Մենք՝ Մարդու իրավունքների պաշտպաններս, պետք է կատարենք մեր պարտավորությունը ՝ պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունքները, որքան էլ որ նրանք անտեսանելի թվան։

Նույն շարքից