Հասարակություն 

Մահացել է ՀՊՏՀ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը

analitik.am

 

Խորը ցավով ենք հայտնում, որ կյանքին հրաժեշտ է տվել ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ալբերտի Սարգսյանը:

Նա ամբիոնը ղեկավարում էր 2011 թվականից, իսկ Տնտեսագիտական համալսարանում բացառիկ մտավորականի աշխատանքային գործունեությունը սկիզբ է առնում 1988 թվականից: ՀՊՏՀ-ում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ միշտ ի ցույց դնելով գիտնականի, մանկավարժի, վարչարարի, գործընկերոջ փայլուն հատկանիշներ: 2006-2011 թթ. Վարդան Սարգսյանը ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էր:

Գիտնական-հետազոտողի հետաքրքրության շրջանակում էին տեղեկատվական տեխնոլոգիաները, ցանցային տնտեսությունը, տնտեսության մաթեմատիկական մոդելավորումը, ռեսուրսների օպտիմալ կառավարումը: Ամերիկյան տնտեսագետների միության անդամ էր, հեղինակ է 7 տասնյակից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ և գիտական հոդվածներ:

Հետազոտել է ՀՀ ցանցային տնտեսությունը, տեխնոլոգիական ներուժի զարգացման խնդիրները, գնահատել է գիտության և կրթության ազդեցությունը ՀՀ ՀՆԱ աճի տեմպի վրա, ՀՀ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները և տնտեսական ինֆորմատիկայի ու տեղեկատվական համակարգերի այլ ասպեկտներ: Գիտնականն ապրում ու գործում էր ժամանակի շնչով:

Եռանդուն, նորարար, միշտ թարմ գաղափարներով Վարդան Սարգսյանը սերունդներ կրթեց, իր գիտական հովանու տակ առավ տասնյակ երիտասարդ հետազոտողների, իր անփոխարինելի ներդրումն ունեցավ ՀՊՏՀ կայացման, ինչպես նաև Հայաստանում տնտեսական ինֆորմատիկայի ոլորտի զարգացման գործում:

Կորուստն անդառնալի է: Սգում ենք պրոֆեսորի անժամանակ մահը, ցավակցում ենք ընտանիքին ու հարազատներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Նույն շարքից