Քաղաքականություն 

Կոնգրեսական Դեվիդ Սիսիլլինին կոչ է անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը

analitik.am

 

Քանի որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ապա նա պետք է իմանա, որ Արցախի անկախությունը ճանաչելու համար կա լուրջ պատմական հիմք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Դեվիդ Սիսիլլինին:

«Այս հողը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մասը և բնակեցված է եղել հայերով։ Որպես Քրիստոնեության բնօրրան՝  այս հողը պատված է հարյուրավոր տարիներ առաջ կառուցված եկեղեցիներով և վանքերով։ Դրանք նույն եկեղեցիներն են, որոնք այսօր հրետակոծվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից»,-ասել է կոնգրեսականը։

«Արցախի անկախությունն ունի ևս մեկ համոզիչ փաստարկ, որը հիմնված է միջազգային իրավունքի և ազգերի ինքնորոշման ընդունված դեմոկրատական ընդհանուր իրավունքի վրա, բայց այսօր Արցախի անկախության ամենահրատապ պահանջը գոյության պայքարն է։

Այժմ Ադրբեջանի դաժան գրոհների արդեն չորրորդ շաբաթն է, երբ Արցախի քաղաքացիները ստիպված են պաշտպանվել արգելված կաստերային ռումբերի «անձրևներից»՝ իմանալով, որ Ադրբեջանի հսկողության տակ վերադարձի ցանկացած ձև նշանակելու է աքսոր իրենց իսկ պատմական հայրենիքից»,-նշել է նա։

«Եթե Ադրբեջանը երբևէ որևէ պահանջ ուներ Արցախի նկատմամբ, որը հիմնված էր սովետական գերիշխանության կամ սուվերենության ցանկացած այլ կասկածելի պնդման վրա, ապա այսօր իրենց իսկ գործողություններով նրանք զրկվել են դրա իրավունքից։

Ընկած ամեն ռումբ, կրակած ամեն փամփուշտ, հարձակված ամեն ԱԹՍ, որը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությունը, ուժեղացնում է ժողովրդավար Հանրապետության՝ անկախության ճանաչման ունեցած արդեն իսկ ամուր հիմքը»,-հայտարարել է Սիսիլլինը։

«Հաշվի առնելով, որ պատմությունը և միջազգային իրավունքն արդեն իսկ Արցախի ճանաչման օգտին են, մենք այսօր տեսնում ենք, որ այս հպարտ երկրի գոյատևումը կախված է Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումից։

Այդ պատճառով ես միանում եմ իմ կոնգրեսական գործընկերներին՝ պահանջելով Միացյալ Նահանգներից պաշտոնապես և լիարժեք ճանաչել Արցախի անկախությունը», - եզրափակել է  նա։

 

Նույն շարքից