Հասարակություն 

«Mercury» կազմակերպությունը դադարեցնում է Թուրքիայի հետ 1 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիրը

analitik.am

 

«Mercury» հանրային կապերի կազմակերպությունը դադարեցնում է իր գրանցումն իբրև Թուրքիայի Հանրապետության արտասահմանյան գործակալ՝ ի պատասխան Հայկական համայնքի՝ թուրքական ռեժիմի հետ համագործակցությունը դադարեցնելու կոչի, որը սատարում է Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ ցեղասպան բնույթի պատերազմը։

«Մեր համայնքի համառ ակտիվության և ընտրված վարչակազմում մեր ընկերների կայուն աջակցության շնորհիվ «Mercury»-ն դադարեցնելու է իր գրանցումն իբրև Թուրքիայի արտասահմանյան գործակալ, ինչի մասին քիչ առաջ տեղեկացել եմ Մերկուրիի Լոս Անջելեսի գրասենյակի գործընկեր Ֆաբիան Նունեզից», - նշում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի (ANCA-WR) տնօրենների խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը։

«Մենք ողջունում ենք «Mercury»-ի՝ պատմական ճշմարիտ կողմի կողքին կանգնելու, Թուրքիայի Կառավարության և վերջինիս ցեղասպան քաղաքականության հետ համագործակցությունը խզելու որոշումը, ինչպես նաև լիահույս ենք, որ այդ որոշումը օրինակ կծառայի մնացած բոլոր սուբյեկտների համար, որոնք աշխատում են Թուրքիայի և Ադրբեջանի ավտորիտար ռեժիմների հետ կամ համար»։

Այս որոշումն իրականացվել է տեղական և պետական ընտրված վարչակազմերի և Ամերիկայի հայկական համայնքի կազմակերպությունների կողմից կիրառված հետևողական ճնշումների շնորհիվ, թիրախավորելով «Mercury»-ի՝ Թուրքիայի ռեժիմի հետ ունեցած ոչ էթիկ համագործակցությունը։ Վերջին շաբաթվա ընթացքում մի շարք նամակներ են ուղարկվել Մերկուրիին՝ պահանջելով դադարեցնել Թուրքիայի կառավարության հետ կնքված պայմանագիրը, ներառյալ Լոս Անջելեսի Խորհրդի բոլոր հիսուն անդամներից, Լոս Անջելեսի շրջանի ղեկավարներ Քեթրին Բարգերից և Հիլդա Սոլիսից, Կալիֆոռնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյից, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արդի Քասախյանից և Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմնի տասնվեց անդամներից:

Ի հավելումն այս ամենի՝ Լոս Անջելես Համայնքի Քոլեջի Շրջանը (LACCD) նախաձեռնեց «Mercury»-ի հետ իր պայմանագրի դադարեցման գործընթացը՝ ի նշան Հայ համայնքի հետ սոլիդարության։

«Mercury»-ի հանրային ռազմավարության ընկերությունը ներկայացնում է մի շարք բարձրաստիճան հաճախորդների՝ բիզնես, քաղաքական և քաղաքացիական հասարակության ոլորտներում, ինչպիսիք են «Microsoft», «American Airlines», «Starbucks», «Comcast», «Charter Cable», «SoCalGas», «Grubhub» և այլոք։

Տարիներ շարունակ «Mercury»-ն ռազմավարական, քաղաքական և հասարակական ծառայություններ է մատուցել Թուրքիայի Հանրապետությանը՝ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները սպիտակեցնելով և Էրդողանի ցեղասպան ռեժիմի մեղսակիցը դառնալով։ Իսկ 2020 թվականի փետրվարին “Mercury”-ն 1 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր էր կնքել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հետ։

«Mercury»-ի՝ որպես Թուրքիայի արտասահմանյան գործակալի պայմանագրի դադարեցման որոշումը հետևել է «Livingston Group»-ի և «DLA Piper»-ի համանման՝ Ադրբեջանում իրենց ներկայացուցչության դադարեցման որոշումներին՝ ի պատասխան հասարակական ընդվզման Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ցեղասպան բնույթի ագրեսիայի պատճառով։

«Թուրքիան և Ադրբեջանը հանրային ռազմավարության ընկերություններ վարձելու վրա միլիոնավոր դոլարներ են ծախսել տարիներ շարունակ, որպեսզի մաքրեն իրենց՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական հիմունքների ողբալի խախտումներով աղտոտված հետագծով հանրային իմիջը», - նշում է Հովսեփյանը։

 

Նույն շարքից