Հասարակություն 

Արդեն 10 օր է՝ գտնվում եմ Արցախում. Ռոմանոս Պետրոսյան

analitik.am

 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցնե՛ր,

Արդեն 10 օր է՝ գտնվում եմ Արցախում, որտեղ այս պահին մեր բանակը աներեր, տոկուն, անտրտում եւ հերոսաբար կերտում է մեր նոր հերոսամարտն ու հայոց նորագույն պատմության փառապանծ էջերը։

Ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ենթակա մյուս ստորաբաժանումների հարյուրավոր մեր աշխատակիցներ հայրենիքի համար այս վճռորոշ պահին զինվորագրվել են հայոց բանակին և այսօր այստեղ՝ առաջնագծում, ամենաթեժ մարտական գործողությունների կիզակետում պայքարում են՝ հանուն մեր վաղվա խաղաղ լուսաբացի եւ հայկական պետականության անսասանության։

Շնորհակալ եմ գործընկերներիս Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի՝ այսպիսի անձնազոհ ու անվարան գիտակցումի համար։

Հարգելինե՛րս,

Այս ամենի հետ մեկտեղ, Շրջակա միջավայրի նախարարությունն ու ենթակա կառույցները շարունակում են իրենց՝ Հանրապետությունում ռազմական դրության պահանջներին համապատասխան բնականոն աշխատանքը, ամենօրյա հետևողական ու պատասխանատու աշխատանքի միջոցով մասնակցություն ունենալով թիկունքի ամրության ապահվման ոչ պակաս կարևոր առաքելությաննը։ Ամենօրյա ռեժիմով ինստիտուցիոնալ եւ օպերատիվ հաշվետվությունները վկայում են, որ մեր անտառտնտեսություններն ու ազգային պարկերը, թեպետ խիստ սակավ աշխատախմբերով, բայց եւ շարունակում են հստակ ու անշեղորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրներն ու ծրագրերը։

Պետական կառավարման բոլոր ոլորտներում անխափան գործունեությունն ու կայուն ընթացքը, աներկբայորեն, խիստ պարտադիր և կարևորագույն նախապայման են՝ հզոր ճակատ ունենալու եւ մեր վերջնական հաղթանակն ամրագրելու համար։

Հաղթելու՛ ենք, ամու՛ր եղեք»։

Նույն շարքից