Հասարակություն 

Ասում էին՝ ինչքան պետք է, եկեք քաղեք․ Հանուն հաղթանակի երեխաները ևս միացել են համահայկական շարժմանը և օգնում են բանակին

analitik.am

 

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բանակին օգնելու գործին սեփական նախաձեռնությամբ միացել են նաև առանձին աշակերտներ ու դպրոցներ: Հայաստանի տարբեր բնակավայրերից բազմաթիվ փոքրիկներ նվիրատվություն են կատարում. անվարան նվիրում են թե՛ իրենց երազանքի համար խնայատուփերում տարիներով կուտակած գումարները, թե՛ իրենց կազմակերպած փոքրիկ նախաձեռնություններից ստացված հասույթը:

Արմավիրցի Վահեն առաջիններից էր, որ ընկույզ վաճառելով սկսեց օգնել զինվորին. 100 դրամ՝ մեկ ընկույզի դիմաց: Օրեր շարունակ դասերից հետո 6-ամյա փոքրիկը ընկույզ է վաճառել ու ստացված գումարը փոխանցել հիմնադրամին:

Վահեի օրինակը վարակիչ է դարձել: Փոքրիկ Աննան, օրինակ, տարբեր ֆիգուրներով գիպսեր է պատրաստում, թևնոց գործում ու վաճառում: Ասում է՝ իր համար վիրավորական է, որ գումարը տալիս են առանց ապրանքը վերցնելու:

Արմավիրի մարզի Նորավան համայնքի դպրոցի աշակերտները վեց օր շարունակ դիմակ են վաճառել քաղաքացիներին՝ այդպիսով իրենց ազգանվեր ներդրումն ունենալով թե՛ թիկունքի, թե՛ ճակատի համար: Վաճառքի գումարը կազմել է 1.766.500 դրամ և տրամադրվել հիմնադրամին:

Լոռու մարզի Մեծավան գյուղի փոքրիկ բնակիչները գումար են հավաքել և շուրջ 68 հազար դրամը ներկայացրել են համայնքապետարան, որ փոխանցեն հիմնադրամին:

Սահմանին օգնության են հասել նաև սահմանաբնակները: Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների նախաձեռնությամբ՝ արքայանարինջ են վաճառում:

Աշակերտների խոսքով՝ գյուղում շատերն արքայանարնջի ծառեր ունեն, և երբ լուրը տարածել են, բոլորը մեծ պատրաստակամությամբ օգնել են իրենց. «Ասում էին՝ ինչքան պետք է, եկեք քաղեք»:

Տասնամյա Թինան հեծանիվ ունենալու երազանքը փոխարինել է հաղթանակի սպասումով՝ 51.500 դրամ փոխանցելով հիմնադրամին: Թինային է միացել նաև նրա քույրիկը՝ 11-ամյա Սոնան՝ 71.800 դրամով: Քույրիկների երազանքն այժմ ոչ թե հեծանիվն է, այլ ուղղաթիռը, որը պետք է գնվի բանակի համար իրենց փոքրիկ ներդրումով:

Էլեն ու Մերի քույրիկները ևս ամիսներ շարունակ հավաքած գումարով սքեյթ ու տիկնիկներ գնելու փոխարեն, այն փոխանցել են հիմնադրամին՝ հանուն խաղաղության ու անհոգ մանկության:

Մհերը 2 տարի գումար էր հավաքել Եգիպտոսը տեսնելու համար, բայց կուտակած գումարով կանգնել է ավագ ընկերների կողքին։ Կիթառահար եղբայրներն էլ նվագում են անցորդների համար և հասույթը նվիրաբերում բանակին:

Մասնավոր դպրոցներից մեկում սովորող 13-ամյա Արեգը հայոց բանակի կողքին է նաև բարձր առաջադիմությամբ, որի համար ստացած 250.000 դրամ կրթաթոշակն ամբողջությամբ նվիրաբերել հիմնադրամին:

Բազմաթիվ երեխաներ էլ իրենց աշխատանքով են աջակցում թիկունքին՝ օգնելով ծնողներին ու ավագ ընկերներին: Ոմանք մասնակցում են բանակի համար հոսանքի փոխակերպիչների արտադրության գործընթացին:

 

Նույն շարքից