Բարի օր Հասարակություն Ռազմական 

Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն արդեն նկատելի են դառնում

analitik.am

 

Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն էլ արդեն լավ նկատելի են դառնում։ Փոխանցում է Razm.info-ն

Օրինակ՝ դրանց թվում կար նաև փոխգնդապետ, ում մասին ասում են՝ «բրիգադի» հրամանատար էր:

Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մասին գրելն, իհարկե, շատ ավելի ընդգրկուն ու գիտական աշխատանք է պահանջում, բայց, թերևս, հիմա մի քանի բան հակիրճ գրենք:

Հայաստանում թեմայով հետաքրքրվողների մոտ կա ամրացած կարծիք, որ խոսքն, ըստ էության, մեկ բրիգադի մասին է՝ 052 համարի զորամասի, որը ժողովրդական լեզվով «Յաշմա» է կոչվում:

052 զորամաս անուշուշտ կա, դրա հրամանատարն է այս օրերին գեներալ-լեյտենանտ դարձած Հիքմեթ Միրզաևը: Բայց, ամենայն հավանականությամբ, 052-ը վերաբերում է ոչ թե կոնկրետ բրիգադի, այլ՝ ընդհանուր հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը, որի տակ մտնում են առնվազն 3 պայմանական ասած բրիգադներ:

Առաջինը՝ հենց «Յաշմա» կոչվող բրիգադն է։ Իր անունն այն ստացել է Սումգաիթից հյուսիս գտնվող Յաշմա գյուղի անունից, որ մոտ է գտնվում բրիգադի մշտական տեղակայման վայրը։

Երկրորդը «Շուբանին» է, կրկին տեղանվան անունով։ Գտնվում է Բաքվից արևմուտք: Այստեղ կա նաև համեմատաբար վերջերս հիմնովին վերակառուցված ու կահավորված մեծ զորավարժարան՝ հենց հատուկջոկատայինների համար:

Երրորդ հնարավոր բրիգադը տեղակայված է Սալյանում:

Բոլոր երեքն էլ զորամաս/ավաններ են իրենց ենթակառուցվածքներով, սպայական շենքերով՝ մեծ հաշվով կտրված քաղաքացիական աշխարհից:

Ադրբեջանցիներն ունեն նաև լեռնային պատրաստության մշտական տեղակայման ուսումնական կենտրոն Գորանբոյում՝ Մռավի լեռներում աշխատելու համար:

Նշվածներից բացի կա նաև առանձին ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) հատուկ նշանակության զորամաս: Սա էլ Բաքվից արևելք է՝ Կասպից ծովի ափին: Այս զորամասն էլ համեմատաբար վերջերս հիմնավին նորացվել է: Սրանք ևս ներգրավված են մարտական գործողություններին, քանի որ բացի զուտ այսպես ասած «նավային» խմբերից ունեն ցամաքային գործողությունների համար խմբեր: Հադրութի ոճրագործներից մեկը հենց այս ստորաբաժանմանը հատուկ ռազմազգեստով էր:

Հատուկ ընդգծենք, որ ՌԾՈՒ հատուկ նշանակության ջոկատայինների մասնակցությունն, իհարկե, չի նշանակում, թե Ադրբեջանում ուրիշ հատուկջոկատային չէր մնացել, սրանց են բերել։ Այս զինծառայողներից առնվազն մեկը մասնակցել էր նաև Ապրիլյան պատերազմին:

Այս դեպքում նաև պետք է հաշվի առնենք, որ ստորաբաժանումների միջև կա ռոտացիա, ու նույն զինծառայողը պատրաստություն ու ծառայություն անցնում է տարբեր տեղերում:

Առանձին հատուկնշանակության, հետախուզական-դիվերսիոն ստորաբաժանումներ ունեն նաև կորպուսները:

Վերը նշված ամեն ինչը վերաբերում էր բանակին:

Բանակից բացի հատուկ նշանակության ստորաբաժանումներ ունեն գրեթե մնացած բոլոր ուժայինները, բայց սրանցից կառանձնացնենք երկուսը:

Ներքին զորքեր – Ադրբեջանում ներքին զորքերը ցրված են երկրով մեկ՝ տարբեր գնդերում: Ամեն գունդ ունի իր հատուկ նշանակության ջոկատը: Սրանք, պատկերավոր ասած՝ գազանանոց են․ յուրաքանչյուր ջոկատ ինչ-որ կենդանու կամ թռչունի անունով է: Այս ջոկատները ներքին հակաահաբեկչական գործողությունների համար են նախատեսված, բայց պատերազմում կորուստներ ևս ունեն:

Պետական սահմանապահ ծառայություն – իրենց հատուկջոկատայինները կոչվում են արագ արձագանքման ուժեր: Ցրված են երկրով, բայց ունեն նաև կենտրոնական խոշոր զորամաս՝ Եվլախ քաղաքում: Սրանց դեռևս 2016-ի ապրիլին ներգրավել էին մեր դեմ գործողություններին, չնայած հայտնի չի մարտի մեջ մտել էին թե ոչ: Այս պատերազմում կորուստներ ունեն նաև ՊՍԾ հատուկջոկատայինները:

Սակայն, կրկնենք, որ այս դեպքում էլ պետք է հաշվի առնենք նաև զինծառաողների հնարավոր ռոտացիան․ սրանք էլ կարող են հետո բանակի հատուկջոկատային դառնալ, կամ հակառակը:

Այս ամենը վերաբերվում է միայն, այսպես ասած «մայրցամաքային Ադրբեջանին»։ Նախիջևանում հատուկ նշանակության ուժերի սեփական գազանանոցն ունեն։

Նույն շարքից