Հասարակություն 

Ի՞նչ խորհրդանիշ ուներ «արյունոտ լվացքը» և ի՞նչ ակցիա կազմակերպվեց Կանադայում

analitik.am

 

Արյունոտ լվացք՝ Տորոնտոյի փողոցներում։ Արվեստի միջոցով իր բողոքն էր արտահայտել կանադահայ նկարիչ Մարիամ Մուղդուսյանը։ Նրա խոսքով՝ ակցիան հատուկ խորհրդանիշ ուներ․ «Ստեփանակերտում և Շուշիում բոլոր մարդիկ գիտեն, թե խաղաղ, արևոտ օրերին այդ գունավոր լվացքներն ինչպես են դրոշների պես ծածանվում։ Երբ դրանք արյունոտ են, ուրեմն այդտեղ աղետ է եղել, ուրեմն այդտեղ արդեն մարդիկ չկան, և, նայելով այդ հագուստներին, կարելի է տեսնել, թե ովքեր չկան արդեն։ Հիմնական գաղափարը հենց սա էր»։

Մարիամը արվեստի միջոցով է պատկերացնում իր պայքարը։ Ըստ նրա՝ ակցիան այն մարդկանց մասին էր, որոնք տուժում են տեղի ունեցող պատերազմական գործողություններից։

Ակցիային հաջորդեց Օտտավայում մեծ հանրահավաքը, որին 3 հազարից ավելի մարդ մասնակցեց։

«Հայերիս պահանջն այստեղ այն է, որ հայտարարություններից անցնեն գործողության։ Ոչ թե ժամանակավորապես դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, այլ առհասարակ արգելել։ Սա ամենակարևոր պահանջներից է», - ասաց Մարիամը։

Ցուցարարները պահանջել են նաև ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, զսպել Թուրքիային և Ադրբեջանին, տալ ոչ միայն գնահատականներ, այլև կիրառել պատժամիջոցներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները քայլել են ՆԱՏՕ-ի գրասենյակ և պահանջել, որ Թուրքիային զրկեն ՆԱՏՕ-ի անդամակցությունից։ Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ բողոքի ակցիաները շարունակելու են նույն տեմպով՝ ապակենտրոն պայքար մղելով։

Նույն շարքից