Հասարակություն 

Զոհված զինծառայողի կինը Երևանում երեխային ունենալուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարի հետևանքով մահացել է. Tert.am

analitik.am

Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը,  երրորդ երեխային ծննդաբերելուց և Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը։

«Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխային ունեցավ հոկտեմբերի 15-ին։ Երևի Շուշանի ապրումներից էր, որ երեխան շուտ ծնվեց՝ յոթ ամսական։ Վահեն խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր»,- ասաց Վահեի հորեղբայրը։

Նրա խոսքով՝ Շուշանի ծնողներն ու եղբայրը եկել էին Երևան, որպեսզի աղջկան տանեն ամուսնու հուղարկավորությանը, բայց Սիսիանի ճանապարհին տեղի է ունեցել վթարը։

«Ծնողները և եղբայրը փրկվել են, եղբոր գլուխն էր վնասվել, վիրահատել են։ Միայն Շուշանն է մահացել։ Նորածինը Երևանում է, հիվանդանոցում, բժիշկներն ասում են լավ է։ Իմ տղան էլ տարիուկես առաջ զոհվեց մարտական դիրքում։ Վահես ու Շուշանս շատ էին  ուզում, որ իրենց երեխային կնքեինք իմ տղայի՝ Հայկի անունով։ Բայց չհասցրեցին։ Վահեն մինչև զոհվելն էլ, երբ իմացել էր, որ ծնվել է, ասել էր անունը Հայկ ենք դնելու։ Բայց մեր նորածինը առայժմ ծննդյան վկայական չունի։ Տատիկն ու պապիկը ինչպես որոշեն, այդպես էլ կլինի»,- ասաց Սամվել Քարամյանը։

Շուշանն ու Վահեն հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։

Նույն շարքից