Հասարակություն 

Մահացել է Ռազմիկ Մաթևոսյանը

analitik.am

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորատը ցավով հայտնում է, որ կյանքի 75-րդ տարում իր մահկանացուն է կնքել համալսարանի երկարամյա դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Ռազմիկ Խորենի Մաթևոսյանը:

Ռ. Մաթևոսյանը ծնվել է 1946 թվականին, Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում:
1964-ին ընդունվել և 1968-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը:

1969-70թ.թ. Ռ. Մաթևոսյանը սովորել է Կազանի պետական համալսարանի մաթանալիզի ամբիոնի ասպիրանտուրայում, որն ավարտելուց հետո պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1978 թվականից՝ դոցենտի կոչում:
1984-88թ.թ. Ռ Մաթևոսյանն զբաղեցրել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի դեկանի տեղակալի, 1995-2000թ.թ.՝ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի ամբիոնի վարիչի, իսկ 2000-2012 թ.թ.՝ առաջին պրոռեկտորի պաշտոնները:

1995-99թ.թ. նա եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ «Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի» անդամ:
Ավելի քան 50 տարվա գիտական և մանկավարժական գործունեության ընթացքում Ռ. Մաթևոսյանի կողմից կարդացած դասախոսությունների և գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է մաթեմատիկական անալիզի, բարձրագույն մաթեմատիկայի, ֆունկցիոնալ անալիզի, գծային հանրահաշվի և անալիտիկ երկրաչափության, ինչպես նաև հավանականությունների տեսության ոլորտները: Նա հեղինակ է 4 ուսումնամեթոդական ձեռնարկների և ավելի քան 30 գիտական հոդվածների:

Անբասիր ու նվիրված աշխատանքի շնորհիվ Ռ. Մաթևոսյանը վայելում էր ՇՊՀ ուսանողների, գործընկերների սերն ու հարգանքը:

Ծանր կորստի այս պահին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն իրենց խորին ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերն են հղում Ռ. Մաթևսյանի ընտանիքին, հարազատներին և կիսում նրանց վիշտը:

 

Նույն շարքից