Հասարակություն Ռազմական 

Amnesty International-ի ռազմական փորձագետը ներկայացրել է՝ ինչպես և ինչ զենքերով են ադրբեջանցիները թիրախավորում զինվորներին և խաղաղ բնակչությանը

 

Ֆրանսիական Marianne պարբերականի լրագրողը զրուցել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ռազմական փորձագետ Բրայան Կաստների հետ, որը ներկայացրել է միջազգային կազմակերպության տվյալները Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ:

Ռազմական փորձագետի հետ զրույցը ներկայացնում է Inosmi-ն: Կաստները նշել է, որ երկու կողմն էլ պատերազմում կիրառում է հիմնականում ռուսական զենք, համազարկային կրակի համակարգեր, ինչպես օրինակ՝ «Սմերչ» կամ «Գրադ», ինչպես նաև տանկեր և հրետանի: Բացի այդ, նրա խոսքով, Ադրբեջանը դեռ իսրայելական զենք էլ ունի, ինչպես օրինակ կասետային ռումբեր և անօդաչուներ:

«Այս պատերազմում նորություն է սպառազինման տեսակը: Մասնավորապես, դա վերաբերում է նախորդ պատերազմներում չկիրառված զենքերին, ինչպես օրինակ կամիկաձե-անօդաչուները: Դրանք երկար ժամանակ պտտվում են որոշակի գոտու տարածքում, այնուհետև խոցում են թիրախը, երբ օպերատորը գտնում է այն: Հայ զինվորները մշտապես լսում են անօդաչուների ձայնը, սակայն գաղափար անգամ չունեն, թե երբ և որտեղից այն կհարվածի: Այդ սարքերում պայթուցիկ կա, որն ուժեղացնում է հարվածի կործանարար հետևանքները»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ այս պատերազմում առաջին անգամ է նման անօդաչուների զանգվածային կիրառում տեղի ունենում:

Amnesty International-ի մասնագետները հաստատել են նաև ադրբեջանական ուժերի կողմից կասետային ռումբերի կիրառումը Ստեփանակերտում: «Նման ռումբերը գտնվում են սովորական հրթիռներում, որոնք տարանջատվում են օդում և ցրվում մեծ տարածությամբ: Դրանց 20 տոկոսը միանգամից չի պայթում, ինչը մեծ սպառնալիք է խաղաղ բնակչության համար, հատկապես՝ երեխաների, որոնք կարող են հետագայում դիպչել այդ պայթուցիկներին»,- շեշտել է Կաստները:

Վերջինս անդրադարձել է նաև պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը: «Կասկած չկա Ադրբեջանին տրամադրվող թուրքական աջակցության վերաբերյալ: Անկարան Ադրբեջանում է տեղակայել իր F-16-երը: Ինչ վերաբերում է թուրք զինվորներին Կովկաս ուղարկելուն, բավական է տեսնել, թե ինչ է կատարվում Սիրիայում և Լիբիայում: Դա բավականին իրական սպառնալիք է»,- հավելել է փորձագետը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից