Տնտեսություն 

ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել հիմնադրամներին

 

Պատերազմական այս օրերին, Հայաստանում և Սփյուռքում, համայն հայությունը ներգրավված է ռազմաճակատին ամենատարբեր օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև թիկունքում առաջին անհրաժեշտության աջակցություն տրամադրելու գործին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին: Կոմիտեի աշխատակիցների միահամուռ ջանքերով 25 միլիոն դրամ փոխանցվել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հաշվեհամարին:

Միաժամանակ շարունակելով  մասնակցությունը համազգային դրամահավաքին՝ ՊԵԿ աշխատակիցները, որպես սոցիալական փաթեթի շահառուներ, իրենց գումարները ևս փոխանցում են  «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահի դրությամբ հիմնադրամի հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է շուրջ 75 միլիոն դրամ, և գործընթացը շարունակական է:

Պետական եկամուտների կոմիտեն, պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես նախաձեռնել և միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին՝ փոխանցելով 30 մլն դրամ: Իսկ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր ևս 400 մլն դրամ:

Գործընթացը շարունակական է, և կոմիտեի աշխատակիցներն իրենց ուժերով պարբերաբար աջակցություն են ցուցաբերելու «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Հայաստան» համահայկական հիմանդրամներին:

Մեր երկրի համար այս դժվարին օրերին մեր միասնականությամբ ու մեկտեղված ջանքերով է, որ պետք է հասնենք խաղաղության և ապահովենք Արցախի ու Հայաստանի սահմանների, մեր ժողովրդի անվտանգությունը։

Կոչ ենք անում բոլորին՝ ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին։

Փա՛ռք Հայ զինվորներին

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը

Փա՛ռք Արցախի Հանրապետությանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից