Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ես կցանկանայի խոսել տարածաշրջանային առումով վտանգավորության մասին: Որովհետև թե ինչքանով է իրավիճակը վտանգավոր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, կարծում եմ՝ պարզ է: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի Ձեր հեռուստադիտողը ճիշտ ընկալի, թե ինչու է տեղի ունենում պատերազմը, և ինչ ենթատեքստ ունի այն: Այս մասին Al Arabiya հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է վտանգավոր իրավիճակն այսօր Ղարաբաղում:

«Նախ, արձանագրենք, որ այս պատերազմը տեղի չէր ունենա առանց Թուրքիայի միջամտության: Որովհետև հիմա արդեն ակնհայտ է և ապացուցված, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան՝ հարձակումը ձեռնարկելու համար:

Երկրորդ, այս պատերազմը, ըստ էության, դարձավ շարունակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների, որոնք սկսվեցին օգոստոսին և չավարտվեցին մինչև պատերազմի մեկնարկը: Թուրքիայի որոշակի ռազմական կոնտինգենտ պատերազմի մեկնարկի պահին շարունակում էր գտնվել Ադրբեջանում և մասնակցում է պատերազմին:

Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու է այս ամեն ինչը հետաքրքրում Թուրքիային: Կարծում եմ, որ պետք է մենք այս ամենը դիտարկենք այն էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Սա Օսմանյան կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է, և իմ համոզմամբ՝ այդ քաղաքականությունը պետք է միջազգային հանրության կողմից խստագույնս կասեցվի: Հակառակ դեպքում՝ այն նույնպիսի սպառնալիքներ է պարունակում ինչպես Միջերկրական ծովի երկրների, արաբական աշխարհի, Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպայի համար:

Ես մի քանի անգամ ասել եմ նաև եվրոպական հեռուստատեսությունների և լրատվամիջոցների հետ զրույցներում, որ եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում:

Սա վերաբերում է բոլոր ուղղություններին: Եթե այս իրավիճակը պատշաճ գնահատականի չարժանանա միջազգային հանրության կողմից, մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտություն:

Հիմա տեսնում ենք Հարավային Կովկասում, ապա կտեսնենք դրանից դեպի հյուսիս, արևելք, հարավ-արևելք և հարավ: Այնպես որ, սա մի մեծ իրավիճակ է, որի խորքում իրականում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները և մղումները»,-նշել է նա:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Դուք նշեցիք, թե ինչու է Թուրքիան շահագրգռված Ադրբեջանին աջակցելու հարցում: Բայց Դուք նաև մեղադրեցիք Բաքվին՝ Թուրքիայի միջոցով վարձկաններ ներգրավելու համար, ինչպես նաև պատասխանեցիք հայկական արմատներով արաբներին օգնության կանչելու՝ Ձեզ հասցեագրված մեղադրանքին: Ո՞րն է տարբերությունը վարձկանների և նրանց միջև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ, մենք այդպիսի երևույթ չունենք, չկա այդպիսի երևույթ:

Երկրորդ՝ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր աշխատում կամ ապրում են որևէ օտարերկրյա երկրում, և այս իրավիճակից ելնելով՝ նրանք վերադառնում են՝ իրենց հայրենիքը պաշտպանելու:

Եվ կան ղարաբաղցիներ, ովքեր ապրում են արտերկրում և վերադառնում են իրենց հայրենիքը պաշտպանելու:

Բայց ես Ձեզ ասեմ, որ այդպիսի երևույթ, որը կարող է դիտարկվել որպես մասշտաբային, մենք չունենք:

Ես չեմ բացառում այդպիսի դեպքեր, բայց բացառում եմ, որ այս տրամաբանությունից դուրս որևէ բան մենք ունենանք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

Նույն շարքից