Տեսանյութեր Քաղաքականություն 

Երբ Ալիևն ասում է «ազատագրել Ղարաբաղը», դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը մի հատված ներկայացնում ենք ստորև.

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Ձեր թվիթներից մեկում Դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի պահանջները միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավոր չեն և կոչ արեցիք ճանաչել և առերեսվել պատմական իրողությունների հետ: Միջազգային իրավունքի ի՞նչ դրույթների վրա եք Դուք հիմնվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, շատ կարևոր է, որ մենք իմանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Իմիջիայլոց, 2 կամ 1 օր առաջ շատ կարևոր բան տեղի ունեցավ:

Ցավոք, շատ դեպքերում փորձ է արվում Ղարաբաղի հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, այսինքն՝ վեճ, որտեղ կա 2 կողմ: Մի կողմն ասում է՝ այս հողը մերն է, մյուս կողմն ասում է՝ այս հողը մերն է: Բայց իրականում այս կոնֆլիկտը կապ չունի այդպիսի պնդումների հետ: Ի՞նչն էր կարևոր:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 2 օր առաջ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում, հայտարարեց, որ սա ծագել է ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես էթնիկ կոնֆլիկտ:

Ցավոք, քանի որ հակամարտության պատմությունը բավական երկար է, միջազգային հանրությունը շատ հաճախ կորցնում է սկզբնաղբյուրը և ընկալումը, թե այս ինչ պատմություն է Ղարաբաղի հարցը:

Իսկ Ղարաբաղի հարցն այս փուլում ծագել է 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունում սկսվել էին ժողովրդավարացման պրոցեսներ:

Այդ ժամանակ կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որի բնակչությունը 80 տոկոսով հայերն էին:

Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, օգտվելով Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթացներից, որոշեց բարձրաձայնել իր խախտված իրավունքների հարցը:

Իսկ որո՞նք էին իրենց խախտված իրավունքները:

Խորհրդային Միության ձևավորման պրոցեսում՝ արդեն 1920-ական թվականներին, էլի 80 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի՝ Ստալինի կայացրած կամայական որոշման արդյունքում:

Եվ Լեռնային Ղարաբաղի հայությունը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանը որոշեց բարձրաձայնել այդ հարցը և բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարի միջոցով փորձել լուծել այդ խնդիրը, կարգավիճակի խնդիրը, ինչին Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնություններով:

Եվ այդ բռնություններն առաջինը արտահայտվեցին ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում՝ հայերի նկատմամբ ձեռնարկված բռնություններով և սպանություններով:

Սա կոնֆլիկտի առաջին փուլն էր:

Հաջորդ փուլը զարգացավ Խորհրդային Միության փլուզման իրավիճակում: Եվ, ըստ Խորհրդային Միությունում գործող կարգերի, եթե խորհրդային հանրապետություններից մեկն ստանում է անկախություն, նրա կազմում գտնվող ինքնավար միավորումները, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է, կարող էր որոշում կայացնել իր կարգավիճակի վերաբերյալ:

Որովհետև նրանք միասին էին ընդգրկվել Խորհրդային Միության կազմում՝ ոչ թե միասին էին ընդգրկվել, այլ միասին ունեին սուբյեկտություն Խորհրդային Միության կազմում:

Երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին հռչակեց իր անկախությունը: Եվ ինչպես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Ադրբեջանն է անկախացել Խորհրդային Միությունից, նույն տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից:

Այո, մինչ այսօր միջազգային հանրությունն այդ փաստը, այդ անկախացումը չի ճանաչել: Եվ կոնֆլիկտի էությունը կամ պայքարը հենց դրա մեջ է. Լեռնային Ղարաբաղի հայությունը պայքարում է, որ իր ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից:

Սա է ամբողջ պատմությունը: Բայց շատ կարևոր է հասկանալ այդ անկախացման պատճառը, պատճառահետևանքային կապը:

Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ թե անկախության է ձգտել ուղղակի քմահաճույքի համար, այլ պարզապես Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքն ունեցել է գոյութենական վտանգի խնդիր, ինչն արտահայտվել է նախ մշակութային ցեղասպանության երևույթներով, 1988 թվականի խաղաղ պայքարից հետո՝ արդեն բռնություններով, 1991 թվականից հետո արդեն լիարժեք ռազմական հարձակմամբ:

Հիմա էլ մենք այսօր տեսնում ենք, որ Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը հրթիռակոծվում են: Ըստ էության, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, որը, ընդգծեմ, միշտ եղել է բնակչության 80 և ավելի տոկոսը, չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում: Չի կարող գոյություն ունենալ:

Եվ այս իրադարձությունները, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործվում են ահաբեկիչներ և ահաբեկչական մեթոդներ, ևս մի փաստով և փաստարկով է լրացնում Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը, որը միջազգային իրավունքի մեջ ընդունված է ձևակերպել որպես «անջատում հանուն փրկության»:

Al Arabiya - Պարոն վարչապետ, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ադրբեջանն օգտագործում է «ազատագրել» բառը Ղարաբաղի կամ Արցախի մասին խոսելիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հենց դա եմ ասում: Այդ բառը պետք է թարգմանել. դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է: Դրա համար է, որ մենք ասում ենք՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է:

Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

Նույն շարքից