Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն «Al Arabiya»-ին ասել է, թե ինչ կցանկանար ասել ադրբեջանցիներին ու հայերին

analitik.am

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը մի հատված ներկայացնում ենք ստորև.

Al Arabiya - Ի վերջո, մինչև ե՞րբ է այս հակամարտությունը շարունակվելու, և ինչպե՞ս պետք է այն ավարտվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են՝ բռնությունները դադարեցնելու համար: Բայց, էլի եմ ասում, մենք այստեղ էլ պետք է էությունը հասկանանք:

Որովհետև մինչ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկում էին հրադադարի հաստատման հարցը, Թուրքիան ի սկզբանե ասում էր, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները:

Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց և հաստատվում է․ սա միակ փաստը չէ, մյուս փաստերը ես նշեցի, որ Թուրքիան է, որ ավելի բորբոքում է այս կոնֆլիկտը և տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը:

Եվ հիմա պատահական չէ, որ կան երկրներ, որ բռնությունների դադարեցման հենց այս հաջորդականությունն են տեսնում՝ ահաբեկիչների և վարձկանների հեռացում տարածաշրջանից և Թուրքիայի մասնակցության սահմանափակում այս կոնֆլիկտին: Հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա այդ արդյունքը:

Al Arabiya - Դիտորդները նաև հարցնում են, թե արդյոք Հայաստանը ծանրակշիռ ապացույցներ ունի՞ Թուրքիայից Բաքու ռազմական տեխնիկայի և վարձկանների փոխադրման վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես 2 փաստի մասին կցանկանայի խոսել, որպեսզի շատ երկար չմանրամասնեմ:

Առաջին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի հայցի հիման վրա, ապացուցված է համարել Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսին, և հայցի ապահովման միջոց է կիրառում:

Երկրորդ՝ վարձկանների առկայության վերաբերյալ հայտարարություններ են արել Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները:

Համացանցում կան հրապարակված նյութեր, որոնք արդեն հրապարակային են, որոնք ապացուցում են այդ ամենը: Եվ Հայաստանն էլ իր հերթին ունի ապացույցների պատրաստած փաթեթ, որոնք մենք տրամադրել ենք մեր միջազգային գործընկերներին և կարող ենք տրամադրել:

Al Arabiya - Թույլ տվեք Ձեզ վերջին հարցը տալ: Վերջում ի՞նչ կցանկանայիք ասել ադրբեջանցիներին ու հայերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ եզրափակիչ խոսքն այն է, ինչ ես ասել եմ վարչապետ դառնալուց հետո: Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

Նույն շարքից