Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են առաջնագծում ծառայող կամավորականներից ոմանք սպառնում այս օրերին հավաքներ անցկացնող քաղաքացիներին, ովքեր պայքարում են Արցախը հանձնելու դեմ ու պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նմանատիպ տեսանյութեր հեռարձակվում են անգամ Հանրային հեռուստաընկերությամբ և Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին:
Թեմայի շուրջ հայտարարություն է տարածել անգամ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անընդունելի համարելով դա:
Analitik.am-ը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ հասկանալու համար՝ տեղյակ է արդյո՞ք ՊՆ-ն այդ մասին, ծանոթ է արդյո՞ք բովանդակությանը, ի՞նչ կարծիք ունի այդ ամենի մասին, չեն կարծում արդյո՞ք նախարարությունում, որ բանակն օգտագործվում է քաղաքական նպատակներով, տվել է արդյո՞ք ՊՆ-ն իր համաձայնությունը:
Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի պատասխանը՝ բառացի. «ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իդենտիֆիկացնելու տեսանյութերում երևացող զինվորականներին, փորձում ենք կանխել նման դեպքերը:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ անընդունելի են առաջնագծից տեսանյութերի հրապարակումները: Իսկ կամավորներից ոմանք վերադառնում են տուն, այլևս կանոնավոր զորքի մաս չեն, ՊՆ-ն որևէ լծակ այս առումով չունի:
Ինչպես նշել ենք բազմիցս, ԶՈւ-ն դուրս են քաղաքական գործընթացներից»: