Իրավական Տեսանյութեր 

Ռուբեն Մելիքյանը չի բացառում, որ այսօր բերման ենթարկվածների նկատմամբ կփորձեն քրեական գործեր սարքել

analitik.am

 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ոստիկանության մոտ է՝ օգնելու բերման ենթարկվածներին. «Նրանք բերման են ենթարկվել հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու համար: Ես էլ այդ դիրքորոշումն ունեմ՝ մենք դեմ ենք, որ այն մարդիկ, ովքեր հեղինակն են մեր ժողովրդի նվաստացմանը, թշնամու առաջ ծնկելուն, շարունակեն պաշտոնավարումը»:

Ինչ վերաբերում է փողոց փակելու միջոցով պայքարին, Մելիքյանի խոսքերով, այն 2018 թվականից հետո բողոքի արտահայտման իրավաչափ ձև է համարվում. «Հիմա պատճառաբանում են, որ ռազմական դրություն է գործում, սակայն մեզ համար հասկանալի է, որ այդ դրությունը միայն բողոքի ալիքները ճնշելն է:

Բացարձակապես ոչ իրավաչափ է այս պահին ռազմական դրությունը պահպանելը: Ավելին՝ մենք երեկ իմացանք, որ ռազմական դրության բուն նպատակն անգամ չի կատարվել՝ զորահավաք չի իրականացվել: Սրանք հուսահատ, ռեպրեսիվ փորձեր են այն մարդկանց կողմից, ովքեր իրենց համարում էին ժողովրդավար:

Հայաստանում երբեք այս աստիճան բռնապետական ճնշումեր չեն եղել խոսքի, արտահայտման, հավաքների ազատության առումով»:

Մելիքյանը նշեց, որ ներսում տասնյակ մարդիկ կան՝ շնորհակալություն հայտնելով ՄԻՊ աշխատակիցներին կատարած աշխատանքի համար:

Իրավապաշտպանը հայտնեց, որ 3 ժամը լրանում է ու ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. «Սա խայտառակություն է, քանի որ շատերն ազատությունից զրկվել են ոչ թե վարչական ձերբակալմամբ, այլ քրեական դատավարության շրջանակներում՝ իրենց կողմից մտցված 225.1 հոդվածով՝ Ռազմական դրության ժամանակ հավաք կազմկերպել: Տեղափոխում են Երևան քաղաքի քննչական վարչություն, որպեսզի գործը հանձնեն քննչական մարմիններին՝ նրանք որոշեն ինչպիսի ընթացք են տալիս գործին»:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ ձերբակալություններ լինեն, Մելիքյանը նշեց, եթե նման բան լինի, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր ունեն մինչև 7 տարեկան երեխաներ, դա կլինի ակնհայտ ապօրինի ձերբակալում. «Թեև մյուս դեպքերում ևս ես պնդում եմ, որ սա ակնհայտ ապօրինի ձերբակալություն է»։

 

Նույն շարքից