Ես առաջին անգամ եմ խոսում այս նվիրական տեղից ու հույս ունեմ, որ սա կլինի վերջին անգամը: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Ռուբեն Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա. «Հույս ունեմ, որ նա, ով անամոթաբար շարունակում է Հայաստանը ներկայացնել թշնամու առջև ծնկելուց հետո, մի գրամ արժանապատվություն կգտնի իր մեջ ու կչքվի մեր աչքերից»:
Մելիքյանի խոսքերով, ինքը գտնվելով հանրավաքին, պետք է խոստովանի, որ չի սիրում հանրահավաք. «Ես փորձել եմ բավականություն ստանալ ինչ-որ արժեք ստեղծելով: Ես 2,5 տարի աշխատել եմ Շուշի քաղաքում, եղել եմ Արցախի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ում նստավայրը Շուշին էր: Փորձել եմ ձեզ նման քարը քարին դնել, ինչ-որ բան ստեղծել»:
Մելիքյանը խոսեց նաև ռազմական դրության մասին՝ հարց բարձրացնելով, թե որն է դրա անհրաժեշտությունը. «Ինչ ռազմական դրության մասին է խոսքը»:
«Փառք Աստծո մեր ռազմավարական դաշնակցի պաշտոնյաները Երևանում են ու այսօր իրականացնում են այն, ինչը տապալեց Փաշինյանը՝ Արցախի ու նաև ՀՀ ժողովորդի անվտանգության երաշխավորումը»,-նշեց նա:
Մելիքյանը դիմեց Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի բոլոր բուհերին՝ կոչ անելով օրինակ վերցնել ԵՊՀ-ից, որի գիտխորհուրդը երեկ պաշտոնապես պահանջեց Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը:
Մելիքյանը երկրորդ ուղերձով դիմեց իրավաբաններին. «Քննիչներ, դատախազներ և մյուսներ, մի վաճառեք ձեր արժանապատվությունը, ո՞նց եք նայելու ձեր երեխաների աչքերին: Դուք պարտավոր չեք ապօրինի հրամաններ կատարել»:
«Իմ երրորդ ուղերձն ուղղված է արցախահայությանը: Սիրելի եղբայրներ ու քույրեր, ձեզ դավաճանել են ու մեր հայրենիքի Արցախյան հատվածը բզկտել են, թողել մի փոքր կտոր ռեզերվացիա:
Խնդրում եմ վերականգնեք ձեր տոկունությունը, հիշեք, որ հաղթող եք, փորձեք վերականգնել ոգին, որը եղել է: Ես վստահ եմ՝ երբ այս ազգային դավաճանության, անպատվության հեղինակները չքվեն, մենք այդ պահից կկարողանանք սկսել մեր արժանապատվությունը վերագտնելու ճանապարհը: Մենք վերագտնելու ենք մեր ազգային արժանապատվությունը, ետ ենք բերելու այն, ինչ կորցրել ենք»: