Քաղաքականություն 

Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին

analitik.am

 

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչները հայ զինվորականներից են տեղեկացել գյուղն Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Արթուր Ռամազյանը, ով բազմանդամ ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 20-ին համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանը գյուղի տարածքում հանդիպած զինվորականներից է տեղեկացել, որ Վազգենաշենը հնարավոր է Աղդամի շրջանի մյուս գյուղերի հետ անցնի ադրբեջանցիներին: Մեր զրուցակիցը գյուղի շատ բնակիչների հետ մտադիր է եղել շարունակել Վազգենաշենում ապրել: Պատրաստվում էին վերանորոգել երկհարկանի առանձնատունը:

Այդ նպատակով մեծ գումարներ էին ծախսել, շինանյութ էին գնել: Բավականին մեծ գյուղացիական տնտեսություն են ունեցել: Զբաղվում էին անասնապահությամբ, նռան այգի էին հիմնել: Տեղեկանալով, որ գյուղը հավանական է անցնի ադրբեջանական կողմին Ռամազյանների ընտանիքը հասցրել է տան իրերի և անասնագլխաքանակի մի մասը նոյեմբերի 20-ին դուրս բերել դեպի հարևան գյուղ:

Այնուհետև, մնացյալ իրերն ու անասունները տեղափոխելու համար  նորից Վազգենաշեն վերադառնալու ճանապարհին նրանց հայտնել են, որ գյուղում արդեն ադրբեջանցի զինվորականներ են:

Վերադարձողներին թույլ չեն տվել գյուղ մտնել գոնե հագուստներ վերցնելու համար: Ըստ Ռամազյանի՝  այնուհետև   տեղեկացել են, որ գյուղն ամբողջությամբ թալանել են, իսկ անասունները մորթել:

«Ադրբեջանցի զինվորականներն ասել են՝ եթե խոզեր ունեք միայն դրանք կարող եք գալ, տանել»,-ասում է Ռամազայանը՝ հավելելով, որ մնացած անասնագլխաքանակով ապահովում են իրենց սննդի հարցը:

Վազգենաշենցի Ռամազյանների 8  հոգանոց ընտանիքը Վանաձորում հանգրվանել է հորաքրոջ երկսենյականոց տանը, որտեղ բնակվում են 14 հոգով:

«Ձմեռային հագուստներ չունենք: Բացի այդ, հորաքրոջս տանը բնակվելով, բավականին ավելացել է նրանց  կոմունալ վճարների չափը: Ամաչում եմ, որ չեմ կարողանում ինչ-որ չափով օգնել նրանց: Ընտանիքի կարիքները հոգալու համար ցանկանում եմ վաճառել գյուղից տեղափոխած մանր ու խոշոր  եղջերավոր անասունները, սակայն գնորդները չնչին գումարներ են առաջարկում»,-ասում է Ռամազյանը:

Նրա խոսքով` դիմել են Վանաձորի քաղաքապետարան, դիմում հայտ են լրացրել պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար, սակայն առայժմ տեղեկություն չունեն, երբ կստանան: Ռամազյանը ապագայի հետ կապված հստակ ծրագրեր չունի։

Չկա աշխատանք, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար և երեխաների ուսման հնարավորություններ ու պայմաններ:

Ցանկություն ունեն ընտանիքով կրկին վերադառնալ Արցախ՝ Ստեփանակերտ:  Ներկայումս մտադիր է անձամբ վերադառնալ Ստեփանակերտ, վարձով բնակարան գտնել, այնուհետև տեղափոխել նաև ընտանիքը:

 

Նույն շարքից