Հասարակություն 

Հայաստանի անկախ Հանրապետության գոյության պայմաններում արցախցի մեր հայրենակիցները միայնակ ու անտեր վիճակում հայտնվել են ադրբեջանցիների դեմ, մենք պետություն ունե՞նք․ Թագուհի Թովմասյան

analitik.am

 

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում գրած Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեսանյութերին, որոնցում Արցախի տարբեր բնակավայրերի բնակիչներն ադրբեջանական զինվորների ներկայությամբ դատարկում են իրենց տները։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Համացանցում օրերս հայտնվող կադրերը մեկը մեկից սահմռկեցուցիչ են: 21-րդ դարում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյության պայմաններում, արցախցի մեր հայրենակիցները միայնակ ու կարելի է ասել անտեր վիճակում հայտնվել են ադրբեջանցիների դեմ:

Գիշերային չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ 121 բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանին, կարծում էի՝ գոնե այդ հանձնման գործընթացը կազմակերպված կիրականացվի, պատերազմի տարերայնությունը, թափթփվածությունը այլեւս չեն իշխի մեզ: Բայց ոչ, հայը իր տունն է դատարկում, ադրբեջանցին ծաղրում է նրան՝ իր տան բակում նկարահանում տնից փախուստը, մյուսին գերի է վերցնում, հետո խաղ անելով վերադարձնում, երրորդը անձամբ շնորհակալություն հայտնում ադրբեջանցուն, որ թույլ է տալիս իր իրերը դուրս հանել տանից: Խիստ մտահոգիչ իրավիճակ է։

Մենք պետություն ունե՞նք։

Ո՞ւ են մեր պետական կառույցները։ Ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ։ Ուր են մեր փրկարարները, խաղաղապահները, ոստիկանները, ուժայինները․.․Սահմանն ինչու է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է։

Հ.Գ. Լուսանկարում արցախցին շնորհակալություն է հայտնում ադրբեջանցի համազգեստավորից, որ թողնում է իր տան իրերը դատարկել:

Ստոպ կադրը՝ տեսանյութից: Ամաչում եմ…»։

Նույն շարքից