Քաղաքականություն 

Փաշինյանն իշխանության գալուց հետո արագ կտրվել էր իրականությունից, հիմա ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին. «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է. ««Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում»: Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք քիչ է ասել, թե հերթական վրդովմունքի ու զայրույթի ալիք բարձրացրին հանրության շրջանում: Պատահական չէ, որ երեկ ողջ օրը մարդիկ բազմաթիվ հարցեր էին բարձրացնում, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Փաշինյանը հանրության կարծիքի մասին նման «վարդագույն» պատկերացում ունենալու առումով:

Բանն այն է, որ նույն հարցազրույցի մեջ նշված «ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն» ձևակերպումն արդեն ակտուալ չէ: Մասնավորաբար, տարբեր տեղեկություններով, անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը ներկայումս հազիվ տատանվում է 7-8 տոկոսի շրջանակում: Երևանի փողոցներում մեր թղթակցի հետ զրույցում քաղաքացիները նշում էին, որ, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է հենց իշխանության կառուցած ֆեյքային «ինդուստրիայի» սոցցանցային ակտիվությամբ, իսկ նրա միակ նպատակը թեկուզ մեկ օր ավելի պաշտոնին կառչած մնալն է:

Մարդիկ նաև նշում էին, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո արագ կտրվել էր իրականությունից, հիմա ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում:

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին նշել են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական միավորները, մտավորականները, ԵՊՀ գիտխորհուրդը, Գիտությունների ազգային ակադեմիան, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ և այլն, և այլն, այսինքն՝ հանրության գրեթե ողջ սպեկտրը:

Միևնույն ժամանակ շատ քաղաքացիներ մեզ հետ զրույցում ասում էին՝ թող դուրս գա փողոց, գնա գյուղեր, այն ժամանակ կտեսնի իր համար ողջ սարսափելի իրականությունը: Նաև հարց էին բարձրացնում, որ եթե հանրությունն իսկապես «ըմբռնումով է մոտենում» իրեն, ինչո՞ւ է հիմա իր ամեն տեղաշարժի ժամանակ ճանապարհներ փակել տալիս, ինչո՞ւ ռազմական դրությունը չի վերացնում, ինչո՞ւ է թաքնվում հանրությունից, ինչո՞ւ է մնացել «ֆեյքերի» ու, ըստ մամուլի տարբեր հրապարակումների, իր կեցավայրում ձևավորվող ինչ-որ կասկածելի խմբերի հույսին»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից