Հասարակություն Տեսանյութեր 

Զախարովային շփոթեցրել է լրագրողի՝ Արցախում հայերի գերեզմանները կոտրելու, սրբավայրերը պղծելու մասին հարցը /տեսանյութ/

analitik.am

 

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ժամանակ Open TV-ի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը շփոթեցրել է ԱԳՆ խոսնակին:

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է եղել Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի բերված ահաբեկիչների և գրոհայինների հետ:

«Մենք շատ հաճախ տեսահոլովակներ ենք տեսնում, որոնցում ինչ-որ զինվորականները կոտրում են հայերի գերեզմանները, պղծում այլ սրբավայրերը: Կցանկանայի իմանալ՝ ո՞րն է Ռուսաստանի դերը, և ի՞նչ է կատարվում այդ գրոհայինների հետ»,-ասել է լրագրողը:

Զախարովան ի պատասխան ասել է, որ անպայման կարտահայտվի զինված խմբավորումների վերաբերյալ, քանի որ տվյալ հարցը ոչ մեկ անգամ է հնչել, սակայն ինքը չի հասկանում, թե լրագրողն ինչ նկատի ունի՝ «Ռուսաստանի դեր» ասելով:

«Ինչպե՞ս եք այդ ամենը կապում միմյանց հետ: Ինչ-որ հետաքրքիր կերպով Դուք դա կապել եք գերեզմաններ կոտրելու հետ: Ի՞նչ եք խոսում»,-շփոթված հարցրել է Զախարովան: Ի պատասխան լրագրողն ասել է, որ ցանկանում է հասկանալ, թե ո՞ր տարածքներում է այդ ամենը տեղի ունենում:

Զախարովան նշել է, որ «դա արդեն անարդար է»:

«Կոնկրետ օրինակ նշեք այն բանի, ինչի մասին մենք խոսում ենք: Կոնկրետ որ աշխարհագրական կետերում են տեղի ունենում Ձեր նշած վանդալիզմի ակտերը, և այդ ժամանակ ես կկարողանամ կոնկրետ պատասխան տալ Ձեր հարցին: Անհնար է ընդհանուր խոսել այն մասին, որ վանդալիզմի ակտեր են կատարվում, և դրանք ինչ-որ կերպ կապել Ռուսաստանի հետ: Ներեցեք, բայց դա արդեն սյուրռեալիստիկ խոսակցություն է: Խնդրում եմ, ուղարկեք կոնկրետ տեսահոլովակներ, լուսանկարներ, որոնց մասին խոսում եք, և նշեք դրանց գտնվելու վայրը: Այդ ժամանակ մենք կկարողանանք կոնկրետացնել դրանք: Եվ հետո ինձ, անկեղծ ասած, մի բան է զարմացնում. խոսքն առհասարակ, ինչպես հասկանում եմ, չի վերաբերում նրան, որ այդ կադրերում ֆիքսված մարդիկ ինչ-որ կերպ կապ ունեն Ռուսաստանի հետ:Բայց  Դուք հարցն ուղղում եք մեզ: Միգուցե իմաստ ունի հստակեցնե՞լ այդ անձանց պատկանելիությունը կոնկրետ պետությանը, ապա դրանից հետո հարցն ուղղել այդ պետությանը, որի քաղաքացիներն են այդ տեսանյութերում պատկերված անձինք: Մեկ անգամ ևս կրկնեմ, բարի եղեք, ուղարկեք մեզ այդ նյութերը, և մենք կհստակեցնենք՝ ինչի մասին է խոսքը»,-ասել է Զախարովան:

Նույն շարքից