Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը հոգևարքի մեջ է. Փաշինյանին գովերգած Միքայել Պողոսյանը հիասթափված է ու դուրս է եկել փողոց

analitik.am

 

Իշխանությունը հոգևարքի մեջ է, ու ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել: Ես խորին հիասթափություն եմ ապրում: Ժամանակին հավատացել եմ, իսկ այսօր ուղղակի ինձ տապալված եմ զգում: Ոչ միայն ես եմ այսպես ինձ զգում: Շատ մտավորականներ են հավատացել: Այս մասին Մոսկվա կինոթատրոնի մոտ մտավորականների կազմակերպած հանդիպման ժամանակ հայտարարեց Միքայել Պողոսյանը, ով ոչ մեկ անգամ է գովեստի խոսքեր ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին ու ողջունել նրա իշխանության գալը:

«Մեր գերագույն նպատակն է միաբանվելը՝ հանուն այն տղաների, ովքեր գտնվում են անելաների վիճակում: Այն թշնամությունը, որը շարունակվում է  ադրբեջանցիների կողմից, դառնում է գրական ինչ-որ հրեշավոր պատմության առիթ:

Այսօր մենք պետք է բարձրաձայնենք մեր գերիներին ետ բերելու հարցը: Այստեղ մեր արժանապատվության խնդիրն է: Ամեն մի հայ ամեն վայրկյան պետք է մտածի, թե ինչ կարող է անել մեր տղաների համար: Մենք պետք է սովորենք նորից ապրել, ապրել այս պայմաններում: Մենք դա կանենք՝ ապացուցելու ամբողջ աշխարհին, որ հայի տեսակը, գենը հեշտ չէ կոտրելը»,-ասաց նա:

Պողոսյանի խոսքերով, մեր 18 տարեկան տղաներն արել են այն, ինչ որևէ մեկը չէր կարող երևակայել. «Մենք ոտքի կկանգնենք»:

Հարցին, թե երբ հիասթափվեց իշխանությունից, դերասանն ասաց՝ պատերազմի սկզբին՝ հավելելով, որ իշխանությունը մեղավոր է պատերազմի մեջ. «Չեմ կարող մանրամասնել: Սա դավաճանություն էր: Հասկանալի է, որ հայ զինվորը չէր կարող պարտվել: Սա բոլորիս մեղքն է: Եկեք չբարդենք դա մի հոգու վրա: Այդ մի հոգին հոգևարքի մեջ է: Ես չգիտեմ, թե ինչ է լինելու նա վերջը, բայց լավ չի լինելու: Ես դա ցավով եմ ասում: Ամեն մեկս հայ ենք, բայց այդպիսի սխալ գործելը, դավաճանությանն օժանդակելը, չգիտեմ…»:

Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնելու մեջ, Պողոսյանն ասաց, որ ողջունել են, շատերն են ողջունել. «Բայց դա չի նշանակում, որ մենք ստորագրել ենք, որ այդ մարդիկ կկարողանան իրենց ճիշտ դրսևորել: Նրանք տապալեցին մեր իղձը, երազանքը: Մենք պետք է շարունակենք ապրել մեր սխալներն ուղղելով»:

Նույն շարքից