Հասարակություն 

Հարգելիներս, շատ եմ խնդրում ներեցեք ուղիղ հարցիս համար՝ չեք ամաչո՞ւմ. Քաղաքագետ

analitik.am

Մի քանի միտք ունեմ, որ ուզում եմ անպայման կիսվել։ Նախապես զգուշացնում եմ՝ դեռ ինքս ինձ համար չեմ դասավորել այդ մտքերը գլխիս մեջ։ Դրանց մասին դեռ պիտի մտածեմ, իմաստավորեմ։ Բայցևայնպես, չեմ խորշում այդ մտքերի բարձրաձայնումից, հանրային քննարկումից։ Մտածում եմ, որ այդպես նույնիսկ ավելի լավ կլինի։ Եթե հանկարծ մի քիչ երկար ստացվի, խնդրում եմ կներեք։

Ուշադիր լսեցի Ազնավուրի հրապարակում հավաքված մարդկանց՝ դերասանների, արվեստագետների, մտավորականների խոսքը։ Լսեցի ոչ միայն հարթակից հնչեցված խոսքը, այլև հետո մամուլին տված նրանց մեկնաբանություններն ու մտահոգությունները։ Միանգամից ասեմ՝ ընդհանուր առմամբ այդ ամենը շատ ականջահաճո էր ինձ համար։ Նախ և առաջ այն պատճառով, որ այդ մարդկանց խոսքում սրտացավություն տեսա։ Նաև զղջում։ Նաև ամոթի զգացողություն… Մի խոսքով, դրական եմ տրամադրված։ Բայց… Չէ, մինչ «բայցերին» անցնելն ասեմ՝ ցավում եմ, որ ինքս այդ հավաքին մասնակցելու հնարավորություն չունեցա այսօր։ Վաղն էլ երևի չկարողանամ՝ ինձ համար շատ սիրելի մարդու սգո արարողության հետ կապված։ Բայց եթե հասցնեմ, երթի կեսից անպայման կփորձեմ միանալ նրանց։

Իսկ հիմա խոսեմ արդեն հիշատակված «բայցերի» մասին։ Անկեղծ եմ ասում՝ այս պահին չեմ ուզում տառակերությամբ զբաղվել և անդրադառնալ, օրինակ, Հրանտ Թոխատյանի այն մտքին, թե մինչև մեր երեխեքը տուն չհասնեն, «ոչ մի սանտիմետր հողի» հարց չենք դնում։ Միքայել Պողոսյանի զղջման մասին էլ դեռ չեմ խոսի։ Դրանք բոլորը իսկապես շատ կարևոր հարցեր են, բայց ամենակարևորը չեն։

Իսկ ամենակարևորը, իմ խորին համոզմամբ այն է, որ մտավորականները խուսափում են խոսել քաղաքականության մասին։ Խոսքի տակին և գլխին շեշտում են, որ իրենց մտավախությունները քաղաքական չեն, պահանջները քաղաքական չեն, որ իրենք քաղաքականության հետ կապ չունեն և այլն, և այլն։

Հարգելիներս, շատ եմ խնդրում ներեցեք ուղիղ հարցիս համար՝ չեք ամաչո՞ւմ։ Ախր դուք որպես մտավորական ներկայացաք։ Ախր եթե դուք չեք խոսում քաղաքականության մասին, նշանակում է՝ դուք ոչ մի բանի մասին չեք խոսում։ Միթե՞ մինչ այս պահը չհասկացաք, որ մեր ազգային ողբերգության հիմնական պատճառը մտավորականության լռությունն էր։ Հենց քաղաքականության մասին չխոսելը։ Մեր ժողովրդին չառաջնորդելը…

Խնդրում և պահանջում եմ, ընդ որում՝ բոլորից եմ պահանջում, բավական է լռեք։ Բավական է վախենաք։ Էլ տեղ չունենք, չե՞ք տեսնում։ Բա որ մտավորականներն էլ չխոսեն քաղաքակնությունից, բա ո՞վ խոսի։ Ամբո՞խը։ Պողոսնե՞րը։ Մտածեք սրա մասին։ Մտածեք և որոշում կայացրեք՝ նախ ամենքդ ձեզ համար, հետո բոլորդ միասին՝ ժողովրդի։

Ես սպասելու եմ մեր մտավորականության այդ որոշմանը։ Ընկերներիս էլ եմ շատ խնդրում սպասել։ Պետք չի միանգամից քարկոծել և քննադատել։ Մենք կորցնելու էլ ոչ մի ռեսուրս չունենք։ Մտածող, սրտացավ ամեն մի մարդ այսօր շատ թանկ է ամենքիս համար։ Չափազանց թանկ։ Եկեք մեր այս վերջին փամփուշտը օդ չկրակենք։ Լավ մտածենք անելիքների մասին, ճիշտ թիրախ ընտրենք ու վերջապես կասեցնենք բոլորիս իրար հետ ուղիղ դժոխք տանող այս անկումը։

Նորից եմ կրկնում։ Վաղը րոպե առաջ գալու և շարք եմ կանգնելու։ Լինելու եմ բողոքի և պահանջատիրության ձայն բարձրացնող իմ հայրենակիցներից մեկը։ Հետևաբար նաև պատասխանատվություն եմ կրելու իմ և բոլորիս գործողությունների համար։ Ու եկեք պայմանավորենք, որ եթե այդպես էլ չհամարձակվենք իրերն իրենց անունով կոչել ու ստեղծված իրավիճակի համար ճիշտ լուծումներ գտնել, այլևս երբեք չհամարձակվենք ինքներս մեզ ազգ կամ՝ առավել ևս մտավորական կոչենք։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նույն շարքից