Հասարակություն 

Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների

 

Շաբաթ օրը ֆրանսիական մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի։ Ցուցարարների բողոքի պատճառը օրենքի 24-րդ կետն է, որը խոշոր տուգանք և ազատազրկում է նախատեսում առանձին ոստիկանների լուսանկարելու համ տեսանկարահանելու համար, եթե այդ կադրերի տարածումը «սպառնում է առանձին պաշտոնյաների ֆիզիկական կամ հոգեբանական անձեռնմխելիությանը»։

Փարիզում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների։ «Ռոյթերզի» փոխանցմամբ` ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր և ճայթուկներ են նետել։ Ըստ պաշտոնական տվյալների` ավելի քան վեց տասնյակ ոստիկան է տուժել բախումների ընթացքում, ձերբակալվել է մի քանի տասնյակ ցուցարար։

Վիճահարույց օրենքի շուրջ կրքերը է՛լ ավելի են բորբոքվել, երբ շաբաթասկզբին սոցիալական ցանցերում տեսանյութ հայտնվեց, որում ոստիկանները բռնի ուժով ցրում են միգրանտներին և ծեծի ենթարկում երաժշտական պրոդյուսեր Միշել Զեկլերին։ Ոստիկանական արհմիությունների հավանությանն արժանացած օրենքը բողոք է հարուցել հանրային ազատությունների պաշտպանների շրջանում, մասնավորապես լրագրողների, որոնք օրենքը գնահատում են որպես «անհամաչափ հարձակում» խոսքի ազատության և տեղեկատվության վրա։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից