Բարի օր Քաղաքականություն 

Փաշինյանի կառավարությունը չի կարող ևս մեկ բացասական ձևով տարբերվող կառավարություն լինել ամբողջ պատմության ընթացքում․ Ռուբեն Մելքոնյան

analitik.am

 

Analitik.am-ը Հայաստանում կատարվող իրադարձությունների շուրջ զրուցեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ։

Կատարվածը նման է երկրաշարժի, երբ լինում է ուժեղ ցնցում, իսկ դրան հետևում են ենթացնցումներ։ Այսպես նկարագրեց Հայաստանում տիրող իրավիճակը Մելքոնյանը։

Վերջինս նշեց, որ այլ կորուստների վտանգ և սպառնալիքներ դեռ առկա են տարբեր ոլորտներում․ «Քանի որ իշխանությունների գործելակերպը, ինչպես նաև հմտությունները և պրոֆեսիոնալիզմի մակարդակը զրոյական է, չենք կարող բացառել, որ այն մարտահրավերները, որ հիմա կան մեր ազգի և պետության առջև, այս իշխանությունները կկարողանան դրանց լիովին ադեկվատ արձագանքել»։

Մելքոնյանը կոչ արեց ազգովի մտածել և գործել միասնական՝ նոր կորուստները կասեցնելու համար․«Գիտե՞ք, այս ամենը նման է երկրաշարժի, երբ լինում է ուժեղ ցնցում, իսկ դրան հետևում են ենթացնցումներ։

Հիմա մենք ուժեղ ցնցումն ապրել ենք, բայց շարունակվում են նաև հետերկրաշարժյան այդ փոքր ցնցումները, որոնք կարող են բերել այլ մասշտաբի կորուստների։ Մենք պետք է փորձենք կայունացնել իրավիճակը բոլոր կարևոր ոլորտներում։

Սուբյեկտայնության բարձրացումը, պետության արտաքին հարաբերությունների վերականգնումը կարող է նպաստել նաև տարածքների հետ բերմանը։ Սրանք այն քայլերն են, որոնք կարող են կանխել պետականության անկումը և միայն դրանից հետո կարելի է մտածել հաջորդ քայլերի մասին»,- նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի և կառավարության հրաժարականին, ապա Մելքոնյանը նշեց, որ դա պարտադիր է․ «Հրաժարական պետք է տա ոչ միայն Փաշինյանն, այլ ընդհանուր կառավարությունը, որ նապացուցել է, որ ինքը հեռու է պրոֆեսիոնալիզմից, ապացուցել է, որ տապալել է կարևոր օբյեկտներ, ապացուցել է, որ շատ կարևոր հարցերում չի կարողացել ադեկվատ քայլեր անել։

Այսինքն՝ չի անցել քննությունը, որը քաղաքականությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը նրա առջև դրել է։

Եվ այստեղ ես ավելի շատ կարևորում եմ մտածողությունն՝ այսինքն այս մտածողությունը, որը մեր պետականության գոյության հետ համատեղելի չէ, պետք է հեռանա։ Բնականաբար, նաև այն անձինք, որոնք այդ դիլետանտական, շատ հաճախ ապազգային մտածողության կրողներն են։ Այդ մարդիկ տարբեր ոլորտների պատասխանատուներ են։ Նրանց գոյությունն այդ ոլորտներում արդեն իսկ բերում է ողբերգական հետևանքների մեր ամբողջ պետականության համար։

Ես կարծում եմ՝ ինչպես քաղաքական օրինաչափությունն է, ցանկացած պարտված, տապալված կառավարություն հեռանում է և դրանից հետո սկսվում է այդ կառավարության ստեղծած ավերիչ հետևանքների վերականգնման գործընթացներ»։

Ըստ Մելքոնյանի, Փաշինյանի և նրա ամբողջ կառավարության, նրա բերած ամբողջ կադրերի հեռացումն, ի դեպ դիլետանտ կադրերի, ուղղակի պահանջն է մեր պետականության գոյության շարունակականության և օրինաչափ է համաշխարհային քաղաքական զարգացումներին․ «Սկսած Անտիկ աշխարհից մինչև 21-րդ դար՝ տապալված, պարտված կառավարությունները հեռանում են։ Չկա այլ մեխանիզմ։

Եվ Փաշինյանի կառավարությունը չի կարող դեմ գնալ քաղաքականության մեջ գրված և չգրված բնական օրենքներին՝ դառնալով յուրահատուկ և ևս մեկ բացասական ձևով տարբերվող կառավարություն լինել ամբողջ պատմության ընթացքում»։

Մառա Գալոյան

Նույն շարքից