Քաղաքականություն 

Լրջագույն վտանգ է կախված Սյունիք աշխարհի վրա. Պատգամավոր

Լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիք աշխարհի վրա, որը պայմանավորված է մի կողմից Զանգելանում եւ Կուբաթլիում ադրբեջանական զինուժի ահռելի ծավալներով կուտակմամբ, մյուս կողմից՝ Նախիջեւանում թուրքական եւ ադրբեջանական զինված ուժերի տեղակայմամբ, որոնք նաեւ հետեւելու են այս օրերին սպասվող այսպես կոչված GPS-ային սահմանազատման գործընթացին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միայն Գորիսի տարածաշրջանում այնպիսի գյուղեր, ինչպիսիք են Կոռնիձորը, Խնածախը, Տեղը, Խնձորեսկը եւ այլ բնակավայրեր, ըստ էության անմիջականորեն գտնվելով դեմարկացիայի եզրին, կարճ ժամանակում կարող են իսպառ դատարկվել, իսկ փաստացի այդ սահմանազատումից հետո՝ կորցնել հազարավոր հեկտարներով իրենց համայնքներին պատկանող հողատարածքներ:

Նմանատիպ լրջագույն խնդիր է նաեւ Կապանի օդանավակայանի հետ կապված հարցը, որի թռիչքուղու տարածքն անմիջականորեն հարում է GPS-ային սահմանին, իսկ դա նշանակում է, որ այդ օդանավակայանը երբեւիցե չի կարող շահագործվել:

Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանի հողատարածքի վրա էր գտնվում ադրբեջանաբնակ Աղաքենդ կոչվող բնակավայրը:

Սյունիքի մարզում կան նաեւ այլ նմանատիպ լրջագույն խնդիրներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս իշխանությունն ունակ չէ այս հարցերի շուրջ վարել մեր պետության շահերից բխող բանակցություններ: Ուստի նա անմիջապես պետք է հեռանա:

Սյունիքը պետք է փրկվի:

Հ.Գ. Երբ տեղադրում էի իմ այս գրառումը, տեսա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունը՝ «Չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»:

Ըստ էության սրանով ամեն ինչ ասված է»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից