Հասարակություն Տեսանյութեր 

Իջևանցիները փակել են միջպետական ճանապարհը. պահանջում են Փաշինյանի հրաժարականը /տեսանյութ/

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Իջեւանի քաղաքացիները փակել էին միջպետական ճանապարհը: ՀՅԴ Տավուշի մարզային կառույցի անդամ, Իջեւանի բնակիչ Քաջիկ Մարդանյանը, որը նույնպես բողոքի ակցիայի մասնակիցներից է, Yerkir.am-ի հետ զրույցում պատմել է, որ քաղաքացիների դժգոհության առիթը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակն է:

««Այս կերպ իջեւանցիներն արտահայտում են իրենց վրդովմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ինքնաբուխ հավաք էր, որը տեւեց մոտ կես ժամ: Ոստիկանությունն անմիջապես բերման ենթարկեց մի քանի քաղաքացու՝ թույլ չտալով բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Քաշելով տանում են, ասում՝ ճանապարհը բացեք»,- պատմեց Մարդանյանը:

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Իջեւանի քաղաքային իշխանությունը, ինչպե՞ս է արձագանքում քաղաքացիների ընդվզումներին, նա պատասխանեց՝ ղեկավարությունը չկա, քաղաքապետարանը պարալիզացված է: «Ինձ թվում է՝ փախել են, չենք տեսնում նրանց, քաղաքապետարանում պարալիզացված վիճակ է»,- ասաց Մարդանյանը:

Նա նաեւ նշեց, որ թեեւ Իջեւանում հրապարակային, պարբերական բողոքի ակցիաներ չկան, բայց քաղաքացիների շրջանում նույն տրամադրությունն է: «Փաշինյանի հրաժարականի պահանջը կա, այդ տրամադրություններն առկա են բոլորի մոտ: Նմանատիպ ակցիաների ամենքը չեն մասնակցում, բայց բոլորին ճանաչում ենք, գիտենք, թե ինչ են մտածում երկրի ներքաղաքական վիճակի մասին: Մոտենում են, հարցնում, կիսվում: Դուրս չեն գալիս, չեն ընդվզում, բայց համախոհ են, համակարծիք են»,- հավելեց Մարդանյանը:

Միջպետական ճանապարհը թեեւ այս պահին բաց է, բայց ոստիկանությունը շարունակում է հսկել տարածքը»,-գրում է լրատվամիջոցը:

Նույն շարքից