Հասարակություն 

Դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը և պահանջում ենք ծառայողական քննություն նախաձեռնել. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

 

Երեկ՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։ Դեպքի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել մի շարք լրագրողական կազմակերպություններ:

Հայտարարությունում մասնավորապես նշված է.

«Ինչպես հայտնել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, ի թիվս ակցիայի այլ մասնակիցների, ոստիկաններն ուժ կիրառելով օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել: Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը և պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։

Դժվար չէ կանխատեսել, որ երկրում տիրող հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը զուգորդվելու է զանգվածային բողոքի ակցիաներով, և լրատվամիջոցների պարտականությունն է համակողմանիորեն լուսաբանել դրանք։ Այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը և ոչ`անհարկի սահմանափակումներ ստեղծելուն։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրադարձություններին և արձագանքելու ենք լրագրողների իրավունքների ցանկացած խախտման։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից