Քաղաքականություն 

Արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ

 

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ:

Ընդունելով իտալացի իր գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից գերության մեջ հայտնված անձնանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ:

Անդրադառնալով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին և հարևան տարածաշրջաններում իրականացվող ապակայունացնող քաղաքականությանը՝ նախարար Այվազյանը նշեց, որ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում նույնպես վերջինս ունեցել է ամենաանմիջական մասնակցություն ինչպես Ադրբեջանին ցուցաբերված անվերապահ ռազմաքաղաքական աջակցության, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման ձևով:

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք և արդար իրացումը: Երկուստեք կարևորվեց խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից