Քաղաքականություն 

Հրապարակվել է Վազգեն Մանուկյանի առաջադրվելու մասին հայտարարության տեքստը

analitik.am

 

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջեւ, փոշիացնելով տասնյակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տեւական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը:

Կատարվածն ազգային աղետ է եւ դավաճանություն, որի քաղաքական ու իրավական ամբողջական գնահատականը կտրվի առաջիկայում:

Ն. Փաշինյանի եւ նրա վարչախմբի գործունեության յուրաքանչյուր ժամը մեր պետականությունը հյուծող եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ուղղված սպառնալիք է:

Ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում ձախողված վարչախումբն անկարող է դիմագրավել աշխարհաքաղաքական մարտահրավերները, հաղթահարել երկրում օրավուր խորացող քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ հոգեբարոյական ճգնաժամը:

Նոր որակի իշխանության ձեւավորումը հրամայական է:

Ելնելով ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով հանրության լայն շրջանակների պահանջը, 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձեւաչափը՝ ձեւավորելով Հայրենիքի փրկության շարժում:

Շարժումը համահայկական է եւ վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության եւ հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների:

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է.

1.Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին եւ արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ եւ կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

2.Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն եւ համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն:

3.Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել եւ չհավակնել վարչապետի պաշտոնին:

Միաժամանակ, նա ստանձնում է պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ին համապատասխան հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար:

4.Վարչապետի միասնական թեկնածուն՝ 2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 1500-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները եւ հակաճգնաժամային քայլերը:

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է:

 

Նույն շարքից