Հասարակություն 

Երևանի քաղաքապետի խոսնակը՝ մանկապարտեզում երեխաների ծեծի վերաբերյալ լուրերի մասին

analitik.am

Հիշեցնում եմ լրագրող գործընկերներիս, որ Երեւանի քաղաքապետարանը մասնավոր մանկապարտեզների կառավարման հարցում որեւէ լիազորություն չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավանաբար նկատի ունենալով ավելի վաղ տարածված տեղեկությունները:

Ավելի վաղ Օnnet.am կայքը գրել էր. «Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխատողներից մեկը մոտ չորս ժամանոց ձայնագրություն է ուղարկել բոլոր ծնողներին, որտեղ լսվում է, թե ինչպես է դայակներից մեկը ծեծի ենթարկում երեխաներին, վախեցնում, որ եթե խելոք չմնան, կփակի մութ սենյակում։ Ծնողներից մեկը, ով նախընտրեց չներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, խմբի ծնողներից մեկը Viber մեսենջերում առանձին խումբ է բացել, որտեղ ներառել է բոլոր ծնողներին ու հենց այդ խմբին էլ ուղարկել է ձայնագրությունը։

Աշխատողը, ով արել է այս ձայնագրությունը, այն ծնողին տրամադրել է անանունության խոստումով, որ իր անունը չպետք է հրապարակվի, այլապես կարող է տնօրինության հետ խնդիրներ ունենալ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ծնողներից երկուսն այս պահին գտնվում են ոստիկանությունում։ Ծեծի ենթարկող դայակն աշխատում է փոքրերի խմբում, որտեղ ընդունում են երեխաներ 40 օրականից սկսած։ Դայակի անունը Գայանե է, ազգանունը ճշտել չհաջողվեց։

Մանկապարտեզը քաղաքում ունի երեք մասնաճյուղ։ Դեպքը տեղի է ունեցել Զեյթունի (Կ․ Ուլնեցի, Կամարակ նրբանցք 15) մասնաճյուղում։ Մասնաճյուղի տնօրենը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Կից ներկայացնում ենք ձայնագրությունից հատվածներ, ամբողջական ձայնագրությունը 4 ժամ է»:

 

Նույն շարքից