Քաղաքականություն 

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն օրհասական պահին Վազգեն Մանուկյանին նշանակեց Պաշտպանության նախարար, վերջինս իր ամենամեծ քաղաքական հակառակորդն էր

analitik.am

Իմ սերնդակիցները մեծամասամբ ամբողջական պատկերացում չունեն Վազգեն Մանուկյանի կենսագրության և անցած ճանապարհի վերաբերյալ։

Առնվազն մասնակի պատկերացում կազմելու համար՝ բավարար է ուսումնասիրել, թե երբ և ինչ պայմաններում է Վազգեն Մանուկյանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար, և ինչ արդյունքներ են գրանցել ՀՀ զինված ուժերը նրա պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում։

1992 թվականի ամռան վերջին ադրբեջանական զորքերը գրավել էին Շահումյանն ու Մարտակերտը, մոտեցել Մարտունուն, ռմբակոծվում էին Կապանի շրջանի հայկական գյուղերը, իսկ Լաչինի միջանցքով երթևեկելը խիստ վտանգավոր էր։

Այդ օրհասական պահին Լևոն Տեր-Պետրոսյանն իր ամենամեծ քաղաքական հակառակորդին նշանակեց ՀՀ պաշտպանության նախարար՝ նրան վստահելով նաև ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրը։

Վազգեն Մանուկյանի մեկ տարվա պաշտոնավարման արդյունքում ձևավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, ազատագրվեցին Մարտակերտը և Քարվաճառը, իրականացվեց լեգենդար «Կապանի օպերացիան», ապահովվեց Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը։

Ավելի քան 28 տարի անց, Հայաստանը կրկին ունի հակաճգնաժամային փորձառու կառավարչի անհրաժեշտություն, ով՝

  1. կկարողանա կոնսոլիդացնել հասարակությանը,
  2. երկիրը դուրս բերել ահագնացող սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամից,
  3. վերակառուցել ՀՀ զինված ուժերը,
  4. անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ անձամբ չմասնակցելով դրանց։

Կարծում եմ, վերոնշյալի համատեքստում, հասարակական-քաղաքական լայն շրջանակների կողմից Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը լավագույն լուծումն է։

Եվ, հետևաբար, բոլորիս պարտքն է վաղը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 15:00-ին մասնակցել Ազատության հրապարակում (Օպերայի բակում) անցկանցվող մեծ հանրահավաքին՝ ի փրկություն մեր հայրենիքի եւ պետականության։

Հ. գ. «Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնե՜կ նրան, որ իր գործով

Կապրի անվերջ, անդադար։»։

Թումանյանական այս իմաստալից խոսքերը պետք է կարգախոս դարձնենք եւ չմոռանանք ականջահաճո պոպուլիստական ճառերի դաժան հետեւանքներ, որոնք ազգովին զգացինք մեր մաշկի վրա։

Գոհար Մելոյան

Նույն շարքից