Հասարակություն 

«Ես ամեն ինչ կասեմ, ամեն ինչ կասեմ». Human Rights Watch-ի աշխատակիցը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները տանջում հայ ռազմագերիներին

analitik.am

 

Պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար ավարտվել է, հրադադար է հաստատվել, իսկ ռուս խաղաղապահներն ապահովում են կարգուկանոնը, սակայն հայ զինվորների մի մասը դեռևս գերության մեջ է գտնվում: Ինչպես փոխանցում է Tert.am-ը այս մասին ասվում է Human Rights Watch (HRW)-ի զեկույցում, որը մեջբերելով՝ գերմանական Der Spiegel պարբերականը ներկայացնում է իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Տատյանա Լոկշինայի տեսակետը, որը տարածաշրջանում հակամարտության սեփական հետաքննությունն է իրականացրել:

Լոկշինայի խոսքով՝ հստակ տվյալներ չկան, թե քանի մարդ է գերության մեջ գտնվում: «Երևանում իշխանությունների ներկայացուցիչները մեզ հայտնել են, որ «տասնյակ» հայեր կան գերության մեջ գտնվում: ԶԼՄ-ներում խոսվում է Ադրբեջանում հարյուրավոր հայ գերիների և Հայաստանում մի քանի ադրբեջանցի գերիների մասին»,- նշել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ մինչ հայկական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ փոխանակել գերիներին, ադրբեջանական կողմը ցանկանում է նախ փոխանակել զոհերի մարմինները, «իսկ այդ գործընթացը դեռ շարունակվում է»:

Լոկշինան ընդգծել է, որ սոցցանցերում և այլ ինտերնետ հարթակներում տասնյակ տեսանյութեր և լուսանկարներ են պտտվում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները նվաստացնում հայ գերիներին: «Մենք մանրամասն ուսումնասիրել ենք 14 նման տեսանյութ, կարողացել ենք զրուցել հինգ գերիների հարազատների հետ: Հարազատները ճանաչել են նրանց տեսանյութում և մեզ լուսանկարներ ու փաստաթղթեր են տրամադրել, որոնց օգնությամբ կարելի է նույնականացնել նրանց»,- նշել է մասնագետը:

Վերջինս հավելել է, որ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոտքերով հարվածում հայերին, ծակում սուր առարկաներով, ստիպում են համբուրել ադրբեջանական դրոշը: «Նրանք ստիպված են լինում ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Տեսանյութերից մեկում 8 զինվորի ենք տեսել, որոնք կապված ձեռքերով և կապված աչքերով նստած էին գետնին: Նրանց ծեծում էին, քայլում նրանց վրայով: Զինվորներից մեկը ռուսերեն հառաչում էր. «Ես ամեն ինչ կասեմ, ամեն ինչ կասեմ» (Я все скажу! Я все скажу): Միևնույն ժամանակ նրան ծեծում էին և ծակում շամփուրներով»,- ասել է իրավապաշտպանը գործակալության հետ զրույցում:

Նրա խոսքով՝ նվաստացման են ենթարկվել մեկ այլ 5 հոգանոց գերիների խումբ, ինչպես նաև ևս մեկ անհատ զինվոր:

Տեսանյութերի իսկության մասին խոսելիս մասնագետը նշել է, որ իրենք ստուգումներ են արել, և այդ տեսանյութերը, որոնք իրենք ուսումնասիրել են, համացանցում ներբեռնված չեն եղել մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները: Բացի այդ, իրավապաշտպանները կապ են հաստատում գերիների հարազատների հետ:

Լոկշինան նշել է, որ հայերի կողմից ադրբեջանցի գերիների նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքի մասին տվյալներ չունի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ երկու գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Նույն շարքից