Հասարակություն 

Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին. Քասախ համայնքի ղեկավար

analitik.am

 

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Քասախ համայնքի սիրելի բնակիչներ,

Պատերազմական օրերին հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականը արեցին առավելագույնը մեր հայկական պետականությունների սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու համար: Ուժերի գերլարումով էր օժանդակում նաև հայ հասարակությունը՝ ամուր պահելով առաջնագծի թիկունքը:

Սակայն, մեզ համար հայրենական դարձած այս պատերազմում մեր դրսևորած արիությունը բավարար չեղավ: Պատերազմի հաղթանակը պիտի ցանկանային և դրա գործին լծվեին իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող անձինք: Ցավոք, դա տեղի չունեցավ:

Ստեղծված իրավիճակը թելադրում է նոր պայմաններ: Գործող վարչախումբը ստորագրելով կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը, զրկեց մեզ մեր հայրենիքի համար մղվով հայրենական պատերազմը ևս մեկ անգամ հաղթանակով ամրագրելու հնարավորությունից:

Հայաստանը չի ունեցել և չպետք է ունենա պարտված ղեկավար: Հայ ժողովուրդը երբեք թուրքի առաջ ծնկի չի գալու: Մեր պետության հիմնասյուները հետևողականորեն քայքայած ու կազմաքանդած անձինք չեն կարող լինել ՀՀ-ում իշխանություն:

Հարգելի՛ հայրենակիցներ, Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին: Կոչ եմ անում միանալ հայրենիքի փրկության շարժմանը: Մեր երկրին անհրաժեշտ են հմուտ, հայրենասեր ու արժանապատիվ կառավարիչներ:

Աստված պահապան մեր երկրին:

04.12.2020թ.

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյան»:

Նույն շարքից