Բարի օր Հասարակություն 

Արցախում նոյեմբերի 10-ից հետո առնվազն 6 աճյուն է հայտնաբերվել, որոնք թարմ են եղել ու զինվորները, ըստ երևույթին, սպանվել են նոյեմբերի 10-ից հետո

analitik.am

 

Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են և պարբերաբար հաղորդվում է այն մասին, որ զինվորների աճյուններ են հայտնաբերվում, Analitik.am-ը փորձեց ճշտել՝ արդյո՞ք եղել են դեպքեր, որ որևէ տեղանքում որոնողական աշխատանքներ կատարվեն, աճյուններ չհայտնաբերվեն, սակայն մի քանի օր անց նույն տեղանքում որոնողական աշխատանքներ կատարվեն ու արդյունքներն այլ լինեն:

Մեզ հետ զրույցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասաց, որ կոնկրետ նույն տեղանքում՝ ոչ, սակայն նույն շրջանում եղել է. «Օրինակ Ֆիզուլիում աշխատանքներ են տարվել, չի հայտնաբերվել, հետո այլ տեղանքում հայտնաբերվել է: Նույն տեղանքում չի հայտնաբերվել»:

Հարցին՝ կա առհասարակ նման պրակտիկա, որ նույն տեղանքում մի քանի անգամ որոնողական աշխատանքներ տարվեն, պարոն Թադևոսյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, միշտ շրջապտույտ է կատարվում:

Օրինակ այսօր Քարինտակում իրականացվում է, բայց Քարինտակում մենք եղել ենք երևի թե 10 անգամ»:

Մեր հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ հայտնաբերված աճյունների թվում եղել են զինվորների մարմիններ, ովքեր զոհվել կամ մահացել են ոչ մինչև նոյեմբերի 10-ը՝ երբ ստորագրվեց հայտնի փաստաթուղթը, Թադևոսյանը նշեց, որ նման դեպք եղել է Հադրութի շրջանի Հակակու գյուղում, որի մասին նաև տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր, թե ինչպես են մեր զինվորները շղթաներով կապված, տանջամահ արված. «Նրանց աճյուններն են միայն թարմ եղել, իսկ մնացածի դեպքում արդեն ոսկորային մնացորդներ են»:

Թադևոսյանը նշեց, որ այդ դեպքով 6 աճյուն է հայտնաբերվել, աճյունները թարմ են եղել ու, ըստ երևույթին, զինվորները սպանվել են նոյեմբերի 10-ից հետո:

 

Նույն շարքից