Տնտեսություն 

Ապահովելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ տրանսպորտային, տնտեսական ինտեգրում՝ Հայաստանը կանգնելու է նախևառաջ տնտեսական սուբյեկտայնությունը կորցնելու եզրին. Վահե Դավթյան

analitik.am

 

Տրանսպորտային լոգիստիկ ոլորտում սպասվող փոփոխությունները վտանգներ են պարունակում Հայաստանի ազգային անվտանգության համար՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի էքսպանսիոնիստական կեցվածքը և տնտեսական գործիքների կիրառման միտումները, աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով երեկ հրապարակված տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզին, որի շուրջ համաձայնության էին եկել Հայաստանն ու Ադրբեջանը:

«Մասնավորապես՝ ապահովելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ տրանսպորտային, լոգիստիկ և առհասարակ տնտեսական ինտեգրում՝ Հայաստանը կանգնելու է, նախևառաջ, տնտեսական սուբյեկտայնության կորսման եզրին, քանի որ պետք է փաստենք, որ հանձինս Թուրքիայի՝ մենք գործ ունենք բավականին ագրեսիվ տնտեսական խաղացողի հետ, ով չի սահմանափակվում տնտեսական ազդեցության տարածմամբ և, որպես կանոն, նա տնտեսական ազդեցությունը փոխակերպում է մշակութային և քաղաքական ազդեցության, վառ օրինակ է Վրաստանը, որտեղ Թուրքիան․ հանդես գալով որպես համար մեկ ներդրող, տրանսպորտային էներգետիկ ենթակառուցվածքների առանցքային շահառուներից մեկը, այսօր ուղղակի ազդեցություն է ունենում Վրաստանում քիչ թե շատ կարևոր նշանակություն ունեցող քաղաքական որոշումների կայացման վրա»,- մեկնաբանեց Դավթյանը:

Խոսելով կոմերցիոն կողմի մասին՝ Դավթյանը նշեց, որ Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթուղու նախագիծը (Կարս, Գյումրի, Նախիջևան, Մեղրի, Բաքու) իրականացնելու համար նախատեսվում է 434 մլն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել։ Դավթյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս ներդրումային ծրագիրն իր ուղղակի ազդեցություն է ունենալու նաև տվյալ միջանցքով իրականացվող բեռնափոխադրումների ինքնարժեքի վրա։

Նրա խոսքով՝ երկաթուղին սկսելու է եկամուտ բերել 13 տարի անց և բնականաբար 13 տարիների ընթացքում բեռնափոխադրումների ոլորտում իրականացվող սակագնային քաղաքականությունն այնպես է իրականացվելու, որպեսզի այն լինի շահութաբեր: Ըստ նրա՝ այս առումով շատ միամիտ կլինի մտածել, որ հայ բեռնափոխադրողների համար կտրամադրվեն նույն պայմանները, ինչ թուրք կամ ադրբեջանցի բեռնափոխադրողների համար, ովքեր հանդես են գալու որպես այս երկաթուղու համար մեկ շահառու։

«Կարծում եմ՝ մոտ ապագայում, եթե այս ամենը վերջնականապես կյանքի կոչվի, Հայաստանը, թեև կկարողանա օգտվել այդ միջանցքներից, բայց կոմերցիոն պայմանները լինելու են ոչ այնքան հարմար հայ բեռնափոխադրումների համար, և գոնե միջնաժամկետ կտրվածքով հայ բեռնափոխադրողների համար շարունակելու են առանցքային նշանակություն ունենալ Վերին Լարսը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Վրաստանի նավահանգիստները Ռուսաստանի հետ  բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Այսինքն՝ այն որ հայտարարվում է, որ  հավասարաչափ մոտեցում է դրսևորվելու, և բոլոր կողմերը կարողանալու են հավասար պայմաններով օգտվել երկաթուղին կառուցվածքներից, կարծում եմ, սա առայժմ զուտ քաղաքական հռետորաբանություն է, որովհետև եթե հարցը տեղափոխվի զուտ բիզնես  տիրույթ, այստեղ մենք առերեսվելու ենք շատ լուրջ խնդիրների հետ»,– ասաց նա:

Վահե Դավթյանի համոզմամբ՝ հայկական կողմը պետք է նշյալ խնդիրների վերաբերյալ հարցադրումներ ներկայացնի, սակայն հաշվի առնելով գործող իշխանությունների ապազգային կեցվածքը և սեփական սուբյեկտայնությունը ոտնահարելու միտումը, իշխանություններից նման քայլեր չի ակնկալում: Նա ընդգծում է, որ ՀՀ կառավարությունը պետք է ցույց տար, որ ոչ միայն կուրորեն չի ինտեգրվելու այս գործընթացներին, այլև սպասարկելու է սեփական ազգային տնտեսական շահերը:

«Այսինքն՝ Հայաստանը հանդես գալով, որպես Թուրքիայի և Ադրբեջանի համար տարանցման գոտի, պետք է սահմանի համապատասխան տարանցման սակագներ, որն միջազգային պրակտիկայում ընդունված երևույթ է: Ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ դրանից առաջ ընթացող գործընթացներում այս մասին չի խոսվել , և այս առումով, ես լուրջ վտանգներ եմ տեսնում,  նախևառաջ, Հայաստանի սուբյեկտայնության համար»,- նկատեց նա:

Հարցին, թե նշվում է, որ ճանապարհների ապաշրջափակման գործընթացը Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություն է ստեղծում, Դավթյանը նշեց, որ դա իշխանությունների կողմից հերթական պոպուլիզմն է, քանի որ Իրանը Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ չունի այն վստահությունը, որ թույլ կտար գնալ տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրականացման ճանապարհով:

Դավթյանի համոզմամբ՝  կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրելուց օրեր հետո Փաշինյանը հայտարարել է, որ նպատակներից մեկն է Նախիջևանի տարածքով Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելը, սակայն դա իր տակ որևէ հիմքեր չունեցող հայտարարություն է, քանի որ Իրանում լավ հասկանում են, որ նման ենթակառուցվածքների նախագծերի իրագործումը պետք է լինի քաղաքական ակտիվ երկխոսության արգասիք:

«Փաստորեն, կարող ենք ասել, որ ձախողված է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, որն Իրանը դիտարկում էր որպես մուլտիմոդալ միջանցք՝ Պարսից ծոցը, Սև ծովին կապելու համար, Իրանի մոտ հարց է ծագում, թե ինչո՞ւ են այսքան դանդաղ տեմպերով ընթանում «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման նախագծերը, ինչո՞ւ գրեթե մեռյալ կետից չի շարժվել «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որը կոչված էր ակտիվացնելու հայ- իրանական առևտրատնտեսական կապերը: Եվ այս ամենն Իրանի կողմից գնահատվում է, և այսօր չկա որևէ նախապայման հայ-իրանական տրանսպորտային ենթակառուցվածք ձևավորելու համար, առնվազն դրա համար պետք է լինի երկարաժամկետ հաշվարկ, որը ներկայիս իշխանությունները չունեն»,- եզրափակեց Վահե Դավթյանը:

Նույն շարքից