Հասարակություն 

Մարդիկ ձեռ էին առնում «Տեսա՞ր, էսօր էլ Ղարաբաղը չտվեց Նիկոլը, ահահահա, էս ինչ սրամիտ եմ». Կարեն Վրթանեսյան

analitik.am

 

Մեղքերի, մեղավորների և մեղավորներ նշանակելու մասին։

Բազմիցս ասել եմ, որ ՀՀ նախկին բոլոր իշխանությունների ամենամեծ մեղքն այն է, որ հնարավոր են դարձրել, չեն կասեցրել Նիկոլի պես կերպարի մասնակցությունը «մեծ խաղին»։

Անվիճելի է։

Այնուամենայնիվ, սիրելիներս, մինչև նախորդներին ինքնամոռաց քլնգելը հիշեք, թե անձամբ դուք ինչ էիք անում, ասում ու գրում 2018 թվականի ապրիլ–մայիսին, 2016-ի հուլիսին, 2008 փետրվար–մարտին։

Լավ հիշեք, հա՞։

Թե չէ Նիկոլի դեմ բավականաչափ եռանդով չպայքարելու համար ուրիշներին աջուձախ մեղադրողների մեջ արդեն նկատում եմ մարդկանց, որ 2018-ին հանուն Նիկոլի երեսիս էին թռնում ու «Դուխով» գլխարկներով միտինգ գնում։ Տեսնում եմ մարդկանց, որոնք ինձ ձեռ էին առնում. «Տեսա՞ր, էսօր էլ Ղարաբաղը չտվեց Նիկոլը, ահահահա, էս ինչ սրամիտ եմ»։

Նրանք էլ, ովքեր այսօր ասում են. «Մենք քաղաքականությամբ չենք հետաքրքվրում», լավ կլինի հիշեն, թե 2018-ին արդյոք փողոց չէին փակում, վուվուզել չէին փչում, ընտանիքներով ցույցերի չէին գնում։

Կարծես երեխեք լինեք, որ խաղալիքները թափրտել են, իսկ հիմա չեն ուզում հավաքել, մի բան էլ մամայի վրա մուննաթ են գալիս, թե ինչի իրենց թափածը չի հավաքում։

Հ.Գ. Իհարկե, այնպես չէ, որ մենք՝ Նիկոլի ու նիկոլիզմի դեմ հետևողական ձևով պայքարած մարդիկ, այս աբսուրդը չէինք կանխատեսում։ Դեռ 2018-ի ամռանից ներքին մի կատակ ունենք. «Հլը ուր ես, էսօրվա նիկոլականները մեզ դեռ մեղադրելու են Նիկոլին սատարելու համար»։

Բայց ցանկացած դեպքում, խնդրում եմ, էլի, մի ասեք գոնե իմ ներկայությամբ. «Մենք բոլորս ենք մեղավոր այս ամենի համար»։

Ու մի կարևոր բան էլ. ձեր ինքնախոստովանությունները կոպեկ չարժեն, եթե դուք ակտիվ ձևով չեք լծվում «խաղալիքները հավաքելու» գործին։ Հասկացանք, սխալվել եք, բայց ո՞վ պիտի այդ սխալները ուղղի, եթե ոչ սխալը գիտակցած մարդիկ։

Կարեն Վրթանեսյան

Նույն շարքից