Քաղաքականություն 

Պաշտոնապես հերքված նիկոլական սուտը հերթական անգամ հարվածեց Հայաստանի միջազգային իմիջին․ Միքայել Մինասյան

analitik.am

 

Միքայել Մինասյանը Տելեգրամյան իր ալիքում գրել է

«Արցախից ազատվելու Նիկոլի ծրագիրը հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցություններից դրական արդյունքներ չի արձանագրել։ Այդ ձախողման մեղքը պետք է բարդել ինչ-որ մեկի վրա։ Ըստ պլանի՝ այժմ ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը։

Մոսկովյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ Վովաևիչը գրում է «44-օրյա պատերազմի ակունքները» վերնագրով հոդվածը, որը լի է ստերով, կեղծիքներով և մանիպուլյատիվ հնարքներով։

Մեջբերում եմ հոդվածից՝ «2013-ին հայտնվում են և 2015-ին վերջնականապես ձևավորվում են այժմ արդեն հայտնի ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ և ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկների փաթեթը ոչ մի կերպ չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, այն շրջանցում է այդ հարցը։ Այդ առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին։ Հայկական կողմը մերժում է դրանք․․․»։

Բերված հատվածում Նիկոլը, փաստացի, մեղադրում է Հայաստանի ռազմավարական դաշնակցին մեր երկրի ազգային շահերն անտեսելու մեջ։ Պնդելով, որ Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ-ի առաջարկություններում հայերի համար կարևոր Արցախի կարգավիճակի հարց չկա։ Նա այդ առաջարկություններն այնքան հակահայկական է համարում, որ դրանք մերժել են անգամ «ծախու նախկինները»։ Նա թքած ունի, որ այս ամենը սուտ է, որ միջազգային հարաբերություններում նման զրպարտությունը խիստ պատժվում է, և որ հերթական անգամ իր ստերից կտուժի ոչ միայն մեր երկիրը, այլև մեր կենսական շահերը։ Բանակցությունների ձախողման մեղավոր Ռուսաստանը շատ հարմար թիրախ է նրա կողմնակիցների, ֆեյսբուքյան վերլուծաբանների և սորոսովյան գործիչների համար։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նա գրում ռազմագերիների ազատ արձակման հարցը Մոսկվայում քննարկելու առաջնահերթության մասին։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես արդեն Մոսկվայում՝ մամուլից առաջ, աքլորացավ՝ խոսելով Արցախի կարգավիճակի մասին։ Մոսկվայում այդ երկու հարցերի վերաբերյալ դրական արդյունքներ չստանալով՝ նա այդ ձախողումը բարդել է Ռուսաստանի վրա, որը «չի աջակցել և չի հասել։ Նետված կորիզը ողջ-ողջ բռնել են թափանցող լրատվամիջոցները, նրա ֆեյքերի բանակը և հայ արևմտամետները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին․ «Ռուսական առաջարկները, ամենայն հավանականությամբ, նշանակում էին փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին տարբերակը կողմերին էր ներկայացվել 2019-ի հունիսին: Այդ ծրագրի հիմքում, որը շատ հարցերով համընկնում էր Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են հիմնարար սկզբունքներ, այդ թվում՝ առաջին փուլում 5 շրջանների վերադարձը Ադրբեջանին, երկրորդ փուլում՝ երկու, ընդորում, հատուկ ընդգծեմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ։ Առաջին փուլում Երևանի շահերն ընդգծող այլ կետերից էին Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքի ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստներին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման պարտավորության ստանձնում կողմերի միջև: Այդ իսկ պատճառով պնդումը, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը», - և հատուկ ընդգծելու համար Փաշինյանի սուտը Պոպովը ավելացնում է «Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները»

Պաշտոնապես հերքված նիկոլական սուտը հերթական անգամ հարվածեց Հայաստանի միջազգային իմիջին։ Նիկոլը, անձամբ համակարգելով ռուսատյաց տրամադրությունները, իր առջև 2 նպատակ է դնում․ Նախ՝ նա ձգտում է ռուսատյացությամբ փոխարինել «անտինիկոլիզմը»՝ Ռուսաստանին գլխավոր մեղավոր նշանակելով։ Երկրորդ՝ հող է նախապատրաստում աշխարհաքաղաքական մանևրների համար, որոնք վերջնական աղետ են սպառնում հայերի և Հայաստանի համար»։

Նույն շարքից