Քաղաքականություն 

Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Նաղդալյան

 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:

Հարց - ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը: Արդյոք կա՞ն նախադրյալներ նման ծրագրերի համար:

Պատասխան - Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա՝ նպատակ ունենալով ձևավորել վստահություն կողմերի միջև: Անշուշտ, այդպիսի ծրագրերին պետք է նախորդեն համապատասխան նախադրյալներ:

Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից թմբկահարվող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ դրան: Ավելին՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի հարցում խոչընդոտների հարուցումը, հայերի էթնիկ զտումը փառաբանող նամականիշի թողարկումը, ինչպես նաև նախագահ Ալիևի կողմից շարունակաբար հնչեցվող սպառնալիքները գալիս են փաստելու, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին:

Հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև պատերազմի ընթացքում թիրախավորված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Ադրբեջանի «ռազմական ավար և հաղթանակի խորհրդանիշ» ներկայացնելու փորձերը:

Այս իրողությունները վկայում են, որ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց, և խաղաղ գործընթացն անհրաժեշտ է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից