Քաղաքականություն 

Բա ի՞նչ կարող ենք կառուցել արյան վրա, արյան գետե՞ր, արյան շատրվաննե՞ր. Լենա Նազարյան

analitik.am

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով մոսկովյան հայտարարությանը նշեց, որ Մոսկվայում շատ կարևոր փաստաթուղթ ստորագրվեց, որի համաձայն տարածաշրջանում պետք է տեղի ունենար տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակում։

«Եթե այդ ծրագիրը իրագործվեց, մենք կունենանք երկաթուղային կապ Ռուսաստանի և Իրանի հետ։ Բոլորս գիտենք, որ Լարսի ավտոճանապարհը տարբեր տեխնիկական և եղանակային պայմանների պատճառով փակ է, իսկ Ռուսաստանի և Իրանի հետ երկաթուղային կապը արագ և էժան կապի հնարավորություն կսեղծի Հայաստանի համար», - Նազարյանը ևս մեկ անգամ շեշտեց․ «Եթե այս ծրագիրը իրագործվի»։

Նազարյանը կատարեց ևս մեկ դիտարկում՝ կապված մոսկովյան այցի հետ․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ արձանագրված է, որ Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն, մոսկովյան պայմանավորվածությունը արդեն շատ հստակ ամրագրում է Ադրբեջանի և Հայաստանի համար հավասար իրավունքներ և պարտավորություններ», - նշեց Նազարյանը

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ռազմական հռետորաբանությունը, ինչպե՞ս է Նազարյանը պատկերացնում Ադրբեջանով ճանապարհը դեպի Ռուսաստան Հայաստանի քաղաքացիների համար, Նազարյանը պատասխանեց, որ այդ ամենին հասնելու միակ ճանապարհը խոսակցությունն է։

«Դա գործընթաց է, որով մենք պետք է անցնենք։ Ես լսեցի ընդիմության քննադատությունը․ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքոմյանը ասում է, որ արյան վրա ապաշրջափակում մեզ պետք չէ, և նշում է, որ արյան վրա չենք կարող ապաշրջափակում կառուցել, և ես ուզում եմ հարցնել՝ ի՞նչ կարող ենք արյան վրա կառուցել, նոր արյո՞ւն, արյան գետե՞ր, ի՞նչ անենք։ Պետք է մտածենք ապագայի մասին, պետք է հասկանանք, թե ինչ անել, որպեսզի տարածաշրջանում խաղաղության երաշխիքներ ստեղծենք»․ - եզրափակեց Նազարյանը։

Նույն շարքից