Քաղաքականություն 

ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը, տեղեկացնում է Կառավարության կայքը:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար` շեշտելով նաև կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված օժանդակությունը:

Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Կառավարության կողմից հաստատված Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:

ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի կողմից ներկայացվել են կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից