Հասարակություն Տեսանյութեր 

Ես էլ չգիտեի, թե ովքեր են ծնողները, ու հաջորդ օրը մեքենան թեստ-դրայվ անելուց հետո միասին հյուր գնացինք. Արսեն Ջուլֆալակյան

 

2009թ էր. փորձում էի մեքենաս վաճառել։ Օրբելի փողոցի վրա եղբորս հետ հայտարարություն էինք փակցնում ապակու վրա, երբ կողքերս մի մեքենա կանգնեց ու մեզ մոտեցավ շատ անմիջական, ուրախ մի մարդ։ Փաթաթվեց ինձ՝ կարծես վաղուց էինք ծանոթ(չնայած դեմքը նրա իսկապես ծանոթ էր. հավանաբար եթերով էի տեսել...), համբուրեց ու շատ ջերմ շնորհավորեց Եվրոպայի նոր նվաճված չեմպիոնական տիտղոսս։ Իհարկե, շփոթվեցի։ Պարզվեց,անցնելիս նկատել է հայտարարությունը, իջել է, որ տվյալներ ճշտի ու տեսել է ինձ...

Միանգամից որոշեց գնել այն ու հաջորդ օրը հրավիրեց իրենց տուն՝ գումարային հարցերը լուծելու և ծնողների հետ ծանոթանալու (ասեց շատ կուրախանան, քեզ տեսնեն)։ Ես էլ չգիտեի, թե ովքեր են ծնողները, ու հաջորդ օրը մեքենան թեստ-դրայվ անելուց հետո միասին հյուր գնացինք։

Տեսնեմ տիկին Ալվարդն ու պարոն Առուշանյանն են մեզ դիմավորում։ Հրավիրեցին, հյուրասիրեցին ու շատ անմիջական հաճելի զրույց ունեցանք։ Իսկապես վայելեցի կիրթ, շնորհքով, համեստ մարդկանց շրջապատում անցկացրած այդ մեկ ժամը։ Տպավորվեց նաև Նարեկի կենսուրախությունը, կյանքով լի լինելը, ծնողների հետ շփման ձևը, նրանց տված դաստիարակությունը...

Հիշում եմ այդ պահին նրա արած կատակը(շատ հումորասեր էր). երբ մեքենայի գումարը խնդրեց տիկին Ալվարդից,որ ինձ փոխանցի, ասեց.

-Մամ,գիտեմ, ինձ էդքան փող չէիր տա, բայց Արսենի համար հաստատ չես ափսոսա

Վերցրեց գումարը, տվեց ինձ ու ասաց.

-Արս ջան, էսքան ունեմ եղբայր, թե չէ շատ ավելիին ես արժանի։ Էս էլ իմը չի, ուղղակի մաման քո խաթր «պարտքով» տվեց))։

Լիքը ծիծաղացինք այդ օրը։ Շատ յուրահատուկ ստացվեց։ Ուր է թե գնման-վաճառքի բոլոր գործարքներն այդքան ջերմ ու մարդկային լինեին։

Քանի որ մեքենան Գյումրիում էր գրանցած, հաջորդ օրը միասին գնացինք Գյումրի։ Այնտեղ էլ նույն ջերմությամբ պապիս եղբայրը՝ Ռաֆիկ հոպարը դիմավորեց մեզ։ Ավտոյի վաճառքը վերածվեց քեֆի՝ Գյումրիի ադատներին համաձայն ( կարճ ասած՝ միայն ես, որպես մարզիկ, ալկոհոլ չէի օգտագործել։ Ինչպես Նարեկն էր ասում.«Արսենի միակ թերությունն է, դրա տեղն էլ հոպարը որակով հանում է...»))

Հոպարը տանը գյումրվա հին փեջ ուներ։ Երբ արդեն երեկոյան մի կերպ համոզեցինք տանեցիներին, որ պետք է հետ գնանք Երևան, Նարեկը,որ տուն մտնելուց նկատել էր այդ հնությունը, իր հումորային ոճով ասեց.

-Հոպար, կլինի՞ էս նոր ավտոն թողեմ քեզ, էս փեջը առնեմ, տանեմ տուն։ Հաստատ սա ավելի շատ կհավանեն մերոնք...)

Հետագայում ժամանակի սղության պատճառով ընդամենը 2-3 անգամ հասցրեցինք հանդիպել, բայց միշտ կապի մեջ էինք,կարծես 100 տարվա ծանոթ լինեինք։

Ցավոք, 2012թ-ին Նարեկը, որ այդքան լի էր կյանքով, բարի, ուրախ, 40 տարեկան հասակում մահացավ։

Այժմ նա չկա, պարոն Առուշանյանը և հոպարս ևս։ Բոլորս միասին հավաքվել ենք ընդամենը մեկ անգամ։ Բայց այնքան մեծ ու դրական հիշողություններ են դրանից ստեղծվել, որ կարելի է ժամերով խոսել։

Հիմա լսում եմ տիկին Ալվարդին, վերհիշում մեր զրույցը, այդ պահերը և ափսոսում, որ այսօր այնքան են պակասել այս որակի մարդիկ, այսպիսի խոսքը։ Եվ բնավ պարտադիր չէ լինել համաձայն նրա բոլոր ասածների հետ։ Բայց միևնույն է, հետաքրքիր է լսել։

Իսկ ինչու՞ է պակասել նման որակը, դժվար է ասել։

հ.գ. երբեմն մենք ինքներս չենք պատկերացնում, թե ինչ մեծ տպավորություն/հետևանք կարող է թողնել անձի վրա ընդամենը մեկ հանդիպումը:

Արսեն Ջուլֆալակյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից