Հասարակություն 

Հաստատվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով բնակչության առողջության ամրապնդումը և ակտիվ հանգստի կազմակերպումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում սպորտի դերի բարձրացումը, այս տարվա հունիս-հուլիս ամիսներին անցկացնելու է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել ՀՀ մարզերից, Երևանից և Արցախի Հանրապետությունից հայտ ներկայացրած ընտանիքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 11 հունվարի 2021 թվականի 14-Ա/2 հրամանով հաստատվել են մրցույթի կանոնակարգը, անցկացման ծրագիրը՝ չորս տարիքային խմբերի և հաշմանդամություն ունեցող ընտանիքների (անվասալյակով տեղաշարժվող) համար:

Հանրապետության լավագույն մարզական ընտանիքի կոչման համար պայքարելու են երկու փուլով. առաջին՝ մարզային փուլն անցկացվելու է ՀՀ մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում, իսկ երկրորդ՝ հանրապետական եզրափակիչ փուլը կկայանա Ծաղկաձորում: Մրցույթը կանցկացվի չորս տարիքային խմբերով՝

1) 1-ին խումբ` 6-8 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2013-2015 թթ.),

2) 2-րդ խումբ` 9-11 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2010-2012 թթ.),

3) 3-րդ խումբ` 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2007-2009 թթ.),

4)  4-րդ խումբ` 15-16 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2005-2006 թթ.):

Հաշմանդամություն ունեցող անձանց (հայրը կամ մայրը տեղաշարժվում են սայլակով) ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին կմասնակցեն 2 տարիքային խմբով՝ 6-9 (2012-2015 թթ.) և 10-13 տարեկան երեխա ունեցող (2008-2011 թթ.):

Մրցույթի մարզային փուլին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն, ընտանիքի կազմը` 3 անձ (հայրը, մայրը և  երեխան` անկախ սեռից).

ընտանիքը մրցույթին մասնակցում է միասնական համազգեստով,

յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում մարզային փուլում, ըստ տարիքային խմբերի, առաջին տեղը գրաված ընտանիքները: Հաշմանդամություն ունեցող անձանց մրցույթում Հայաստանի Հանրապետության մարզերից կմասնակցի՝ մեկական, Արցախի Հանրապետությունից՝ 2-ական, իսկ Երևանից` 12 ընտանիք:

Լավագույն մարզական ընտանիքի կոչմանն արժանանալու համար ընտանիքները կպայքարեն 6 մրցաձևում՝

1) խաղային փոխանցավազք 30 մ,

2) վարժություն բասկետբոլի գնդակով,

3) թենիսի գնդակի նետում,

4) խաղային փոխանցավազք` թենիսի գնդակով,

5) հեռացատկ (տեղից),

6) խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ):

Հաշմանդամություն ունեցող ընտանիքների դեպքում՝

1) խաղային փոխանցավազք 30 մ,

2) վարժություն բասկետբոլի գնդակով,

3) խաղային փոխանցավազք` թենիսի գնդակով,

4) խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ),

5) օղակներով նետումներ նշանակետին,

6) հավաքիր «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը:

Մրցույթի մարզային փուլում ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները կստանան հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ եզրափակիչ փուլում մրցումային խմբերում 1-3 տեղերը գրաված ընտանիքները կպարգևատրվեն համապատասխանաբար 350, 300 և 250 հազարական դրամով, մեդալներով, հուշանվերներով և վկայագրերով:

Բացի դրանից՝ կպարգևատրվեն մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առանձին մարզաձևերից առաջին տեղերը գրաված ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքները և ընտանիքների ամենակրտսեր մասնակիցները:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար մինչև մայիսի 30-ը հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության համապատասխան վարչություններ ու բաժիններ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից