Հասարակություն 

Ռուս սակրավորները Ստեփանակերտում ականազերծման ժամանակ հայտնաբերել են արգելված կասետային զինամթերք

analitik.am

 

Ստեփանակերտում ականազերծման ժամանակ ռուս սակրավորները հայտնաբերել են M-85 կլաստերային զինամթերք, որն արգելված է միջազգային իրավունքով: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:

«Հանդիպում են տարբեր տիպի ականադաշտեր: Ստեփանակերտ քաղաքում գտնվել է հատկապես շատ չպայթած M-85 «Կոլոկոլչիկ» կասետային զինամթերք»,- ասել է նա: «Լաչինի միջանցքի երկայնքով մի շարք ճանապարհային կամուրջների վրա, հայտնաբերվել են պայթեցման պատրաստ ականներ, որոնք հաջողությամբ չեզոքացվել են մեր սակրավորների կողմից:

Դժվարությունների ենք բախվել նաեւ վնասված գազատարների ուսումնասիրության ժամանակ, որոնք հնարավորինս շուտ պետք է վերականգնվեին: Նման գազատարներն անցնում են ինչպես լեռների ստորոտներով, այնպես էլ ավելի քան երկու հազար մետր բարձրությունների վրա: Աշխատանքը բարդանում է նաեւ եղանակային պայմաններից:

Գազատարի հիմնական վնասվածքները հասցվել են ականանետային եւ հրետանային ռմբակոծությունից: Դեպի խողովակներ տանող ճանապարհների երկայնքով սակրավորները հայտնաբերել են «նշաններ», որոնք արվել են F-1 ձեռքի բեկորային նռնակների, բազմաթիվ չպայթած արկերի կիրառմամբ, ինչպես նաեւ՝ սովորական փաթեթով արկեր:

Հանդիպում են արտասահմանյան արտադրության անօդաչու թռչող սարքերի մնացորդներ, որոնց վրա դրված է զինամթերք: Բազմաթիվ վտանգավոր գտածոներ, որոնք հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում են հայտնաբերման վայրում, մնացածը տեղափոխվում են սարքավորված ոչնչացման վայրեր`նախքան դրանք պայթեցնելը: Միեւնույն ժամանակ, սակրավորները արիություն եւ քաջություն են ցուցաբերում՝ աշխատելով լեռնաշխարհի բնակլիմայական դժվար պայմաններում, հաճախ հայտնաբերելով ականներ ձյան տակ, ինչը բարդացնում է նրանց որոնումն ու վնասազերծումը: Աշխատելը հեշտ չէ, պատասխանատվությունն ահռելի է, բայց մեր ռազմական ինժեներները լավ գիտակցում են այդ առաջադրանքի կարեւորությունը»,- ասել է Ստավիցկին:

Նույն շարքից